«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում

0
249

«3 տարի է ահազանգում եմ, բայց ոչ ոք քանդողի ձեռքը չի բռնում»

« Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի մեծ դահլիճը, որտեղ սովորաբար տեղի են ունենում միջոցառումներ և համերգները, արդեն 10 օրից ավել է, ինչ «շրջափակված» է միավորման անդամների և լսողության խնդիր ունեցող անձանց կողմից: Նրանք 5-րդ օրն է, ինչ գիշերում են միավորման շենքում, ավելին՝ անդամներից մեկն էլ՝ Աղավնի Շաքարյանը, ի նշան բողոքի, հացադուլ էր հայտարարել՝ «Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը՝ ՀԿՄ-ում տիրող անօրինությունների և թալանի վրա» ցուցանակը գլխավերևում փակցրած.

«Այս պայքարի մեջ եմ արդեն 3 տարի, որն ուղղված է Վանաձորի «Կույրերի միավորում» ձեռնարկությունը փոշիացնելուն և հաստոցները վաճառելուն: Այդքան ահազանգել եմ, որ քանդում են հիմնարկները, եկեք օգնեք, տեր կանգնեք, բայց ոչ ոք այդ քանդողի ձեռքը չի բռնել: Կոնկրետ որևէ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, ես մեղադրում եմ ամբողջ վարչությանը, նախագահությանը, որոնց միշտ ահազանգել եմ, բայց իմ ասածը բանի տեղ չեն դրել: Եթե չքանդեին Վանաձորի մեր ձեռնարկությունը, ապա այն ի վիճակի կլիներ ապահովել աշխատանքով և արտադրանքով»,- Forrights-ի հետ զրույցում ցավով նշում էր տիկին Աղավնին և հայտարարում՝ իր խոսքերը հավաստող ապացույցներ ունի, սակայն դրանք չի հրապարակի. «Չեմ ուզում այդ քայլին գնալ»,- ի պատասխան ասաց նա:

Հավելենք, որ մեզ հետ զրույցից ժամեր անց տեղեկացանք, որ Աղավնի Շաքարյանը դադարեցրել է հացադուլը:

«Շուրջ 5 տարի է, ՀԿՄ-ն անօրինական կառավարում են»

Միավորման անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ոչ միայն չվճարվող աշխատավարձերի մասին, այլևս պահանջում են՝ օր առաջ հրաժարական ներկայացնեն ՀԿՄ նախագահության ողջ անձնակազմը և բացահայտել ՀԿ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կոռուպցիան: Չնայած, դեռևս օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում ներկայացրեց միավորման նախագահ 91-ամյա Ատոմ Հակոբյանը, սակայն անդամները պնդում են՝ վարչության ամբողջ կազմը պետք է հրաժարական տա.

«Այս պահի դրությամբ, նախագահական կազմն ապօրինի է նստած որպես ղեկավարություն: Դեռ 2015թ. պետք է լիներ նախագահական ընտրություններ, որոնք, սակայն, այդպես էլ տեղի չունեցան: Կարող ենք փաստել, որ 2013թ-ից առ այսօր, շուրջ 5 տարի, նրանք անօրինական կառավարում են միավորումը»,- Forrights-ին մանրամասնեց նախաձեռնող խմբի անդամ Պատվական Ռևազյանը:

Վերջինս հավելեց, որ ղեկավարությունը մինչ օրս ամսական ստանում է աշխատավարձ, իր հայեցողությամբ տնօրինում ՀԿՄ գույքը և յուրացնում դրանց վարձակալությունից ստացված գումարները:

«30 տարի ա նրանք նույն քաղաքականությունն ունեն. ցածր գներով իրենց ծանոթ-բարեկամների անունով ամրագրել են միավորմանը պատկանող տարածքները, վերջիններս էլ դրանք բարձր գնով այլ մարդկանց են տրամադրել և ստացված գումարը գրպանել»,- իր խոսքն ավարտեց Ռևազյանը:

«1 ամսվա աշխատավարձը՝ 9700 դրամ»

Արդեն շուրջ 42 տարի է, ինչ «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ում գործում է երգչախումբ, որի անդամները վերջին տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Forrights-ի հետ զրույցի ժամանակ, նրանք ամաչում էին բարձրաձայնել, թե որքան գումար են ստանում, նշելով՝ ծիծաղել կարելի է միայն.

«Կարո՞ղ եք գուշակել, ուղղակի մտածել, թե որքան կկազմի երգչախմբի մեկ անդամի ամսական աշխատավարձը: Համոզված եմ՝ չեք կարող: Ասեմ, Դուք էլ ծիծաղեք՝ յուրաքանչյուրս մեկ ամսվա համար պետք ա ստանանք մոտավորապես 9700 դրամ»,- ծիծաղելով անկեղծացավ ՀԿՄ-ի անդամ Վրեժ Մանուկյանը, ապա, մի փոքր դադարից հետո, արդեն նեղսրտած շարունակեց.

«Մշակույթի նախարարությունը տարին 2 անգամ հովանավորում է և տարվա մեջ 2 անգամ մենք ստանում ենք 15.000-ական դրամ, որն էլ շատ դեպքերում ծախսում ենք ճանապարհների վրա. մեզնից յուրաքանչյուրին գրեթե միշտ ուղեկցում են մեր ծնողները կամ ընկերները: Ստացվում ա, որ մենք ավելի շատ ծախսում ենք, քան՝ ստանում»,- նշեց Վրեժը: Վերջինս մեծ ոգևորությամբ հավելեց, որ ուրախ է Հայաստանում «տեղի ունեցածով»: Նա հույս հայտնեց, որ իրենց այս պայքարն էլ մի փոքր մասը կկազմի հեղափոխության և իրենք էլ կսկսեն «նորմալ մարդու նման ապրել»:

«Համագումարների ժամանակ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ էր լինում՝ ոչ մի ավելորդ խոսք կամ ելույթ»

Համաձայն Հայաստանի Հանրապետության Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 20.1 կետի՝ ՀԿ-ներում հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ: Forrights-ի հետ զրույցում, այս կետի մասին միավորման անդամները շատ անգամ բարձրաձայնեցին, շեշտելով՝ համաժողովները ձևական բնույթ են կրում.

«Մեզ մոտ համագումարներ անցկացնելն ու պատվիրակներ ընտրելը զուտ տեսական պրոցես է: Իրականում, ոչ ընտրություն է եղել, ոչ էլ նորմալ համագումար: Ցուցակները վերևից ներկայացրել են, որ այս տարածքում այս կամ այն մարդիկ պետք է լինեն, հասկացնելով՝ ընտրել միայն այդ անձանք: Իսկ համագումարների ժամանակ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ էր լինում՝ ոչ մի ավելորդ խոսք կամ ելույթ, ամեն ինչ պտտվում էր միայն իրենց անձանց շուրջ»,- իր մտահոգությունները կիսեց ՀԿՄ անդամ Հակոբ Կարապետյանը:

ՀԿՄ ղեկավարությունը հերքում է. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում»

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ փոխնախագահ Մարտին Սարգսյանն արդեն հոգնել էր այս թեմայի մասին խոսելուց: Forrights-ի հետ 30 րոպե զրույցի ընթացքում, նա ժամանակ առ ժամանակ բորբոքվում էր. «Ախր ինչքան կարելի է իմ անունը շոշափել: Որտեղով անցնում ես՝ Մարտին, հա Մարտին, ախր անմեղության կանխավարկած կա, չի կարելի էլի»,- նշեց նա: Ապա, մի փոքր հանդարտվելով, Սարգսյանն անդրադարձավ կառույցի շուրջ պտտվող մեղադրանքներին:

Ըստ միավորման փոխնախագահի, կազմակերպությունը համագործակցում է մի քանի ձեռնարկությունների հետ, որոնցից միայն մեկն է որոշ չափով ֆինանսավորում տրամադրում.

«Ձեռնարկության տնօրենը նամակ է գրում վարչության նախագահին այն մասին, որ մարդ կա, ով ցանկանում է ՀԿՄ-ին պատկանող տարածք վարձակալել: Ինքն է որոշում տարածքի գնային քաղաքականությունը, ինչից հետո կապվում է մեզ հետ: Մենք ժողով ենք անում ու որոշում իր առաջարկած գնով հանձնել վարձակալության: Դրանից հետո, ձեռնարկության տնօրենը պայմանագիր է կնքում վարձակալի հետ և ինքը, նորից եմ կրկնում, ինքը ստանում է վարձակալված տարածքի գումարը»,- հնարավորինս մանրամասն ներկայացրեց Մարտին Սարգսյանը: Չնայած մեր հորդորներին, փոխնախագահը չցանկացավ նշել իրենց հետ համագործակցող ձեռնարկությունների քանակը և անունները, շեշտելով՝ իր կողմից դա «տենդեցիոզ» կդիտվի:

Անդրադառնալով միավորման ներսում աշխատող անդամների «ծիծաղելի» աշխատավարձերին, Սարգսյանը մասնավորապես երաժիշտների բողոքին արձագանքեց: Նա հայտարարեց, որ հենց նրանք պետք է միջոցներ ստեղծեն ֆինանս ունենալու համար, հակառակ դեպքում՝ դա արդեն անդամների խնդիրն է, իրենց չի վերաբերում. «Ուրեմն լավ չեն աշխատում»,- եզրահանգեց ՀԿՄ փոխնախագահը:

Forrights-ը փորձեց միավորման անդամների կողմից բարձրաձայնված «ձևական» կանոնադրության և համագումարների մասին խոսել, սակայն արժանացավ կտրուկ պատասխանի. «Դրանք իրականությանը չեն համպատասխանում»:

Մարտին Սարգսյանի հետ զրույցի ընթացքում, նույն սենյակում էր գտնվում նաև «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ պատասխանատու քարտուղար Անահիտ Ծատուրյանը: Ի վերջո, փոխնախագահից մի քանի խոսք ասելու հնարավորություն խնդրելով, տիկին Անահիտը հայտարարեց՝ այս բողոքի շարժումն ուղղորդված է, ուղղորդում են ինչպես միավորման ներսից, այնպես էլ դրսից. «Դռնից այն կողմ գտնվող ցուցարարների մեծ մասը միավորման անդամ չեն, նրանցից շատերին մենք առաջին անգամ ենք տեսնում: Մենք անգամ չգիտենք, թե ներկա անձիք հաշմանդամության ինչ կարգ ունեն: Ախր ամեն ինչ հո մենակ ասելով չի»,- նշեց Անահիտ Ծատուրյանը:

Երեկ առավոտյան, նախաձեռնող խմբի անդամները նախագահող ղեկավարությանը պարտավորեցրել են առաջիկա օրերին իրենց ներկայացնել փաստաթղթերի «փաթեթ», սակայն ղեկավար մարմինները չեն կարողանում կազմել դրանք, քանի որ «միջանցքում խանգարողներ կան». «Ամբողջ օրը հավաքվում են, բարձր խոսում, երգում, հեղափոխության «Հուհ»-ը վանկարկում, հետո էլ պահանջում փաստաթղթերը: Ախր չի կարելի, չէ՞: Մարդիկ աշխատում են»,- նեղսրտած ասաց Անահիտ Ծատուրյանը:

Մեր գնալու ժամանակ, միջանցքներում աշխույժ տրամադրություն էր: Միավորման անդամները երգում էին, խոսում, զվարճանում, ապա շեշտում՝ իրենք այստեղից չեն հեռանա, քանի դեռ նախագահական աշխատակազմը հրաժարական չի ներկայացրել: Այնինչ Մարտին Սարգսյանը հայտարարել էր՝ հրաժարական չի լինի:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here