Երկու տարուց ավելի է՝ Դիտակ գյուղի փողոցներում համագյուղացի Հովիկ Հովհաննիսյանին չեն տեսել: Արցախյան պատերազմին մասնակցած 59-ամյա Հովիկը վերջնականապես անշարժացել ու գամվել է անկողնուն: Բժիշկներն ախտորոշեցին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Հարևաններն ասում են՝ մահացել է Հովիկի ուղեղի վրայի ինքնակառավարման ուղեղիկը, ինչից հետո ոտքի վրա չի եղել. «Ինձ թվում ա՝ էդ հիվանդությունը Երասխից մնաց»,- մտքերն իմի է բերում կինը՝ Զարիկ Բոզոյանը: Հետո էլի չի դիմանում՝ շնչակտուր սնքրնքում է: Արցունքե աղբյուրների նմանվող աչքերն այնքան է տրորել, որ կարմիրով է ներկվել ողջ դեմքը.

«Պատմի՛ ազիզ, մի՛ լացի, հանգիստ պատմի քո խնդիրը»,- հանգստացնում է հարևանուհին՝ տիկին Էլեոնորան, որն իմացել է Զարիկի դոմիկ լրագրողների այցի մասին ու շտապել է այստեղ: Դոմիկը, որում 14 տարվա ոստիկան Հովիկն ապրում է կնոջ հետ, տեղավորում է քիչ իրեր՝ ամուսինների անկողինը, հեռուստացույց, սառնարան ու մի սեղան: Անկողնում կուչ եկած Հովիկը լսում է անծանոթ հյուրերին, ընկալում խոսքը, աչքերով հետևում, թե ինչպես է տիկին Զարիկը մեզ աթոռ առաջարկում, բայց բերանից բառ չի հանում: «Բարև Ձեզ»,- մեր ողջույնն անպատասխան է մնում: 7 տարի առաջ սկսվեց Հովիկի անկումը՝ սկզբից քայլում էր ձեռնափայտով, հետո՝ սայլակ պետք եկավ, հիմա արդեն՝ անկողնում է: Առաջին կարգի հաշմանդամություն ունի: Բժիշկները հույս չեն տալիս, որ Հովիկը երկար կապրի: Անբուժելի է:
1990-ականներին Արարատի Դիտակ գյուղը պատերազմում 1 զոհ, 2 վիրավոր է տվել: Հովիկը կռվել է Երասխում ու Քարվաճառում: Չկարևորելով պատերազմի մասնակցության վկայականը, չի ջանացել, որ ինքն էլ այդ թղթից ունենա: Դա է պատճառը, որ հիմա չեն կարողանում բնակարան ստանալու խնդրանքով դիմել պետությանը: Համայնքապետ Սուրեն Սրապոյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատում է, որ Հովիկը 1992 թվականին Դիտակ համայնքից հավաքագրված 17 հոգանոց ջոկատի կազմում մասնակցել է արցախյան պատերազմին: Նախ Երասխի կռիվներին է մասնակցել, 92 թվականի սեպտեմբերի 26-ից տեղափոխվել է Լաչին: Կռվել է Արտաշատի զորախմբի կազմում՝ Լաերտ Սաղաթելյանի հրամանատարությամբ:
Զարիկը հիշում է՝ ամուսինը պատերազմից վերադառնալով՝ ստուգվել է հիվանդանոցում: Վախեցած ու դեղնած Հովիկին բժիշկները ամիս ու կես հիվանդանոց են պառկեցրել: Թեև հետո ոտքի կանգնեց, բայց Զարիկի համոզմամբ՝ այս պատերազմի արհավիրքը 25 տարի թաքնվել է ամուսնու մարմնում, ու իր մասին միայն վերջին տարիներին հիշեցրել:
Դեռ 97 թվից Զարիկի ու Հովիկի ընտանիքն ապրում է Դիտակի Շիրազի 14 հասցեում տեղադրված կիսախարկուլ այս դոմիկում: Վերջին տարիներին Զարիկի տեգրը կցակառույց է ավելացրել դոմիկին, տեղը փոքր-ինչ լայնացել է: Նոր սենյակում ամաններն ու հագուստեղենն է լվանում: Բաղնիքի մասին լսել են, բայց երբեք չեն տեսել: Հերթով՝ մորից որդի լողանում են դոմիկի անկյունում կործ եղած տաշտի մեջ: Այդ հատվածը փակել են վարագույրով:
Հովիկն ու Զարիկը 27 տարեկան տղա ունեն՝ Մանվել Հովհաննիսյանը: Վեց ամիս առաջ ողնաշարի խնդրով տառապող տղան մեկնել է խոպան: Ռուսաստանում ավտոմեքենաներ է լվանում: Այնտեղ և՛ փող է աշխատում՝ ընտանիքին օգնում, և՛ սեփական անկողին ունի քնելու: Մայրը պատմում է, որ Մանվելն ընտանիքի թշվառությունից անչափ նեղվում էր: Կար մի աղջիկ, որին Մանվելը սիրում էր: Ամուսնանալ էին ուզում, բայց նեղ, գորշ ու խոնավ դոմիկում երկրորդ մահճակալ հնարավոր չեղավ տեղավորել: Բաժանվեցին: Մեկ օր աթոռներն էր իրար կպցնում՝ պառկում քնելու, մյուս օրը տեղավորվում էր հոր ու մոր ոտքերի տակ՝ հատակին:
Մի ժամանակ էլ Մանվելը քնում էր բարեկամի տանը, բայց երբ նրանց որդին բանակից վերադարձավ, ինքը զրկվեց քնելու տեղից: Դոմիկում տեղ չունենալով՝ հավաքեց իրերն ու չվեց խոպան. «Տես, հիշեցի էդ օրը: Տղաս, որ պիտի գնար, էնքան վատ էր: Առավոտ որ արթնացավ, ասեց՝ մամ, սաղ գիշեր չեմ քնել, գլուխս ցավում ա: Հարցրի ինչի՞, լավ չե՞ս: Ասեց՝ չգիտեմ, ձեզ ո՞նց թողնեմ գնամ: Բայց որ մնամ, որտե՞ղ մնամ, տեղ չկա մնալու»: Մայրն անձայն նեղվել է որդու խոսքերից, հոգու խորքում լեղապատառ լացել, բայց հույս է տվել Մանվելին՝ Աստված մեծ է, մի դուռ կբացվի: Մի քանի ամիս առաջ Զարիկը Գագիկ Ծառուկյանին է նամակով դիմել, պատասխան չկա:
«Գոնե որ մի կռիշ լիներ, տղես հետ կգար: Էլ հնարավոր չի ամուսնուս էս վիճակից հանել, ոչ մի դեղ ու բուժում էլ չկա… հիմա երազում եմ տղայիս հետ բերեմ Ռուսաստանից: Եթե կգտնվեն բարի մարդիկ, բարեգործներ, մեր ուզածը միայն տունն ա՝ երկու պատ: Առավելություններ չեմ ուզում, մի տեղ լինի, Մանվելս իմ կողքին լինի: Օգնեք, որ իմ երեխուն հետ բերեմ, որ ընտանիքս չկործանվի»,- սրտապատառ խնդրում է Զարիկը: Հովիկի վիճակի կտրուկ վատանալուց հետո Զարիկը համարյա կորցրել է հացի փռում աշխատանքը: Չի կարող ամեն օր ներկայանալ:Հովիկի 34 հազար դրամ թոշակով ու տղայի ուղարկածով մի կերպ ծայրը ծայրին են հասցնում: Զարիկն այս նեղ պահին էլ ձեռքերը չի ծալում: Գյուղացիների համար գրտնակ է անում, հաց թխում: Նրա երջանկությանը չորս պատն է պակասում:
Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը Forrights.am-ին ասում է՝ ամեն տարի 30 000 դրամ օգնություն են տալիս: Բայց սուղ բյուջեի պայմաններում չեն կարող Զարիկ Բոզոյանի ընտանիքին տնով ապահովել. «Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest