Զինակոչիկների հիվանդությունների ախտորոշումը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Այդ մասին է վկայում քաղաքացի Վաղարշակ Տոնապետյանի երկու որդիների պատմությունը: Նրա երկու որդիներն էլ բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել, ինչին ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դարձրել:

Վաղարշակ Տոնապետյանը պատմեց, որ իր ավագ որդին՝ Վահան Տոնապետյանը 2017 թվականի ձմեռային զորակոչին գնացել է բանակ, բայց իր խոսքով՝ կիսատ-պռատ հետազոտմամբ:

«Երկու ամիս հետո ՊՆ Ռազմաբժշկական հանձնաժողովը արտագնա նիստ է արել Ստեփանակերտում, տղայիս հետ է բերել հոսպիտալ երեխայի մոտ ախտորոշվել է թունավոր զոբ, պահել են ևս չորս ամիս ու զորացրել են: Զորացրելուց հետո այլ խնդիր է առաջացել, թե ինչի հետ է կապված այդ հիվանդությունը, արդյոք ծառայության հետ կապված է, թե ոչ: Հոսպիտալը գրում է, որ կապված է, իսկ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը գրում է, որ կապված չի: Չորս ամիս տղայիս հոսպիտալում պահելուց հետո վերջապես նրան ճանաչեցին ծառայության համար ոչ պիտանի: Ինձ մոտ հարց է առաջանում, եթե որդուս հիվանդությունը ծառայության հետ կապված չի, ապա ինչո՞ւ են նրան զորակոչել»,- հարցնում է Վաղարշակ Տոնապետյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իր ավագ որդին վիրահատության կարիք ունի, սակայն գումար չկա, իսկ որդուն զինվորական հաշմանդամ չեն ճանաչում:

«Սկզբում որդուս ճանաչել են պիտանի, ուղարկել են բանակ, ապա, երբ որ վատացել է, ուղարկել են հոսպիտալ, հայտնաբերվել է թունավոր զոբը, որ ենթակա է բուժման, բայց զորացրելու ժամանակ գրել են, որ ծառայության հետ կապ չունեցող հիվանդություն է: Այսինքն՝ ամեն ինչ արել են, որ իրենց վրայից գցեն և զինվորական հաշմանդամի կարգավիճակ չտան: Բայց իրենք երկկողմանի իրենց գցել են կրակի մեջ՝ իրար հակասելով: ԿՌԲՀ-ին շնորհակալություն, որ նկատել է հիվանդությունը, բայց եթե չահազանգեինք, վստահ եմ, չէին ներկայացնի»,- ասաց Վաղարշակ Տոնապետյանը:

Այնուհետև, այս տարի ամռան սկզբին գալիս է փոքր որդու՝ Ալբերտ Տոնապետյանի բանակ զորակոչվելու հերթը: Վաղարշակ Տոնապետյանի խոսքերով՝ մեծ տղայի հետ կապված խնդիրը ստիպեց իրեն, որ ավելի հետևողական լինի:

«Տղաս ուժեղ գլխացավեր ուներ, հաճախ ուշաթափվում էր: Ես որդուս տարա «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտության: Այնտեղ նրան հետազոտեցին 3 տեսլա հզորությամբ ապարատով, որն իմ իմանալով Հայաստանում մեկ հատ է: Հետազոտության արդյունքում հայտնաբերվեց գլխուղեղի մանր կիստաներ՝ կոնաձև գեղձի փոքր կիստաներ: Այս հիվանդությունն ըստ 404 նոր հրամանի 14-րդ հոդվածի տալիս է պահեստազոր: Գեներալնի կոմիսիան անցնելուց հետո որոշվում է, որ իմ տղան ինչ-որ 12-րդ հոդվածի դ կետով կարիք ունի բուժման և նրան տալիս են տարկետում, որի ընթացքում պետք է կատարեն գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն՝ 03 հզորության ապարատով: Տրամաբանական հարց, եթե նա երեք տեսլայով հետազոտվել է, որն ամենաթանկ հետազոտությունն է և արդեն այդ ախտորոշմամբ բոլոր ապացույցները կան, ինչու են իմ որդուն ուղարկում ավելի թույլ ապարատով ստուգվելու, որը ցույց չի տա այս 0,2-0,3 մմ-անոց կիստաները: Եվ ի՞նչ է դուրս գալու, ճանաչելու են պիտանի՞: »,- ասաց Վաղարշակ Տոնապետյանը:

Նա նշեց, որ նշված ախտորոշմամբ իր որդուն ոչ թե պետք է հավելյալ ստուգման ուղարկեին, այլ ազատեին ծառայությունից:

«ԿԲՀ գենեռալնի կոմիսիա կոչվող կառույցը, ինքին արդեն շահագրգռված է ոչ թե ազատելու, այլ պլան կատարելու: Կիստան հանդիսանում է բարորակ ուռուցք և գլխուղեղի, որի հետ կատակ անել չի կարելի: Թող մեր երեխուն հանձնեն մեզ, մենք որոշենք ինչ ենք անում: Մեր միակ մտավախությունն այն է, որ նույն պատմությունն է կրկնվելու, ինչ ավագ որդուս հետ տեղի ունեցավ: Հենվելու են իրենց թույլ ապարատի արդյունքի վրա, որը ոչ մի ձևով չի ֆիքսի այդ կիստան: Կասեն մեզ չի հետաքրքրում քո հետազոտոությունը, մեզ հետաքրքրում է մեր հետազոտությունը և կտանեն ծառայության»,- մտահոգվւմ է Վաղարշակ Տոնապետյանը:

Այս պատմության համատեքստում շատ տեղին է հիշեցնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիների հետ կապված պատմությունը, որոնք չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Այս ամենն ապացուցում է տարիներ շարունակ պարբերաբար քնարկվող այն խնդիրը, որ բարձաստիճան պաշտոնյաների որդիները խուսափում են ծառայությունից, իսկ սովորական ընտանիքների երեխաները, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ գնում են ծառայության, որտեղ նրանց հիվանդությունները սրվում են, ինչն էլ դժվարացնում է նրանց հետագա բուժումը, շատ դեպքերում դարձնում՝ անհնար:

Եթե Տոնապետյանի ավագ որդու պատմությունը տեղի է ունեցել դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ նման դեպքերը բազմաթիվ էին, ապա Տոնապետյանի կրտսեր որդու խնդիրն առաջացել է նոր իշխանության օրոք, ուստի այս տեղեկությունը ՊՆ-ն թող ուսումնասիրի և հուսանք չի շարունակի նախկինների արատավոր գործելաոճը և իսկապես հիվանդություններ ունեցող երիտասարդներին չի զորակոչի բանակ:

Լիլիթ Թադևոսյան

Pin It on Pinterest