«Սասնա Ծռեր» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ

0
195

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը քիչ առաջ՝ հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխեց ամբաստանյալի խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով պատգամավորական անձնական երաշխավորությամբ։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս ամիս վերջին անգամ կայացավ «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Այսօր պետք է շարունակվեր տուժող կողմի հարցաքննությունը, սակայն վերջիններս չէին ներկայացել, գրությամբ տեղեկացնելով, որ աշխատանքի են։ Դատավոր Մեսրոպ Մակյանը դիմեց կողմերին՝ արդյո՞ք նրանք միջնորդություն, հայտարարություն կամ ուրեւէ խոսք ունեն ասելու։

Պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել անձնական երաշխավորությամբ. «Եղիազարյանի համար, այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Շաքե Իսայանը, Վահե Էնֆիաջյանը եւ Հակոբ Նազարյանը։ Այսպիսով վերջիններս երաշխավորում են, որ պաշտպանյալս, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ չի խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,- հայտնեց պաշտպան Եգորյանը։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, մեղադրող կողմը եւս չառարկեց։

Հայտարարված ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։ Դատավոր Մեսրոպ Մակյանը պատգամավորներին պարզաբանեց Գագիկ Եղիազարյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա տեղեկացրեց՝ եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված 1.500.000 ՀՀ դրամ գրավ գումարը կդառնա պետության եկամուտը. «Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,- պարզաբանեց դատավոր Մակյանը և հեռացավ խորհրդակցական սենյակ։

Վերադառնալով նիստերի դահլիճ, դատարանը հայտարարեց, որ որոշում է կայացրել բավարարել պաշտպան Եգորյանի միջնորդությունները եւ հենց դատարանի դահլիճից՝ երաշխավորությամբ ազատ արձակել Գագիկ Եղիազարյանին։ Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց դատարանի որոշումը։

Հավելենք, որ սա պաշտպանական կողմի նույնաբովանդակ երկրորդ միջնորդությունն է. դեռ մեկ ամիս առաջ դատավոր Մակյանն մերժել էր այն, շեշտելով՝ այս պահին առկա է վտանգը, որ ազատության մեջ գտնվելով Եղիազարյանը կարող է որեւէ ձեւով ազդել գործի քննության վրա։

Հիշեցնենք, Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here