Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել

0
429

13-ամյա Դավիթը սիրում է դպրոց հաճախել, սիրում է իր դասընկերներին, սակայն գրեթե չի շփվում նրանց հետ: Նա ունի աուտիզմ, որը բնորոշվում է շփման եւ հաղորդակցման խանգարումներով: Մայրը՝ մասնագիտությամբ լեզվաբան, երաժիշտ Կարինե Ղազարյանը, նրա հետ ամեն օր հաճախում է դպրոց, նստում բոլոր դասերին: «Իմ ներկայությունը դասարանում Դավիթին ավելի օգտակար է. նա ավելի արդյունավետ է սովորում։ Ես` որպես մայր, խիստ եմ, քանի որ գիտեմ՝ նա կարող է, մինչդեռ ուսուցիչներն ու համադասարանցիներն ավելի մեղմ են ու պահանջկոտ չեն: Մինչդեռ որդիս ունի ֆենոմենալ հիշողություն, տիրապետում է երեք լեզվի, հոյակապ երգում է, թելադրություններն առանց սխալների գրում»,- ասում է տիկին Կարինեն, որը կոչ է անում բոլոր ծնողներին, չնայած բազմաթիվ օբյեկտիվ խնդրիների, տանել իրենց՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին դպրոց՝ ներառական կրթության:

Այսօր հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ կան, որոնք զրկված են կրթության իրավունքից եւ անգամ իրենց հասակակիցների հետ շփումից միայն այն պատճառով, որ ծնողներն ամաչում են կամ ուղղակի խուսափում են նրանց դուրս բերել հասարակություն՝ չբախվելու համար անհաճո խնդիրների հետ:
Այդպես է մտածում նաեւ տիկին Մարիետան, որն իր 15-ամյա դստերը, այսպես կոչված, փակի տակ է պահում: Անգամ հարեւանները երկար ժամանակ չգիտեին նրա գոյության մասին: 15-ամյա աղջկա համար աշխարհը սահմանափակվում է փոքրիկ պատուհանի տեսարանով:
Խնդիրը հատկապես ընդգծված է մարզերում: Լոռու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանն ապշած է իրենց մարզում եղած կարծրատիպերից՝ հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողների դեպքում.  «Մենք բացահայտեցինք բավականին մեծ խնդիր, երբ հենց ծնողներն են ասում, թե իրենց երեխաների մեկուսացումը ճիշտ է: Նրանց խոսքով` իրենց երեխաները վախի մթնոլորտ են ստեղծում ոչ հաշմանդամ երեխաների համար։ Այսպիսի թյուր, սարսափելի կարծիք կա։ Նախադեպ չկա, որ նման երեխաները դպրոցում ինչ-որ վատ վերաբերմունք են տեսել ու դրա համար է նման կարծիք ձեւավորվել։ Այդ մեկուսացման դեմ պայքարելու ենք, քանի որ այս երեխաներն իսկապես տաղանդավոր են ու շատ ընդունակություններ ունեն, որ կարելի է զարգացնել»։
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությամբ եւ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ն եւս խնդրի վերաբերյալ ստանում է բազմաթիվ ահազանգեր: «Հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել. հաշվի առնելով այսօրվա մեր կրթական ոլորտը` ծնողի մտավախություններն, իրոք, հիմք ունեն։ Դպրոց ուղարկելով՝ նա չի կարող վստահ լինել, որ իր երեխան այնտեղ կհանդիպի հավասար վերաբերմունքի, ինչ մյուս երեխաները։ Օրինակ՝ ծնողներից մեկը մեզ պատմեց՝ երբ հաշմանդամություն ունեցող երեխային տարել է հանրակրթական դպրոց, ուսուցիչները հարցրել են՝ դուք իսկապես լուրջ պատրաստվում եք երեխային դպրոց բերե՞լ, թե, այնուամենայնիվ, տնային ուսուցում կազմակերպենք։ Պատկերացնում եք՝ ծնողի դեմքին նման բան են ասում։ Պարզ է՝ եթե նման բան է ասվում ծնողին, նրա երեխան, գնալով դպրոց, կհանդիպի խտրական վերաբերմունքի։ Լինում են, իհարկե, դեպքեր, երբ ծնողը հրաժարվում է երեխային դպրոց տանել, սակայն, միեւնույնն է, ինչ էլ լինի, չարյաց փոքրագույնը երեխային դպրոց տանելն է»,- վստահեցնում է ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը։
Տաթեւ Ավետիսյանը, որը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուսուցչուհի է, բախվել է նման խնդիրների հետ. «Իրականում գլոբալ խնդրի առաջ է կանգնում հատուկ կարիքով երեխան ու իր ծնողը, երբ վերջինս որդեգրում է հասարակությունից հեռու պահելու և իբր երեխային պաշտպանելու սկզբունքը։ Երեխան մի օր մեծանալու է և հասարակության մեջ մտնելու պահանջմունք կունենա, ու ծնողն արդեն չի կարողանա հոգալ նրա խնդիրները։ Ի՞նչ անի երեխան, որը թույլ լսողություն ունի, հենաշարժողական ապարատի խնդիր ունի և այլն։ Նրանցից մեկը խուճապի կմատնվի, մյուսը հասարակության նկատմամբ բազմաբնույթ դիրքորոշումներ կդրսևորի, ի վերջո, հարմարման ու սոցիալիզացիայի խնդիր կունենա։ Այնինչ, փոքր տարիքում դպրոցում, դասընկերների միջավայրում խնդիրը կհաղթահարվեր»։
Որպես մանկավարժ՝ նա հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցում եւս մի կարեւոր խնդիր է ընդգծում՝ արդյոք դասվարը, ուսուցիչն ունե՞ն պատկերացում իրենց խմբում սովորող հատուկ կարիք ունեցող աշակերտի խնդրի մասին, ունե՞ն համապատասխան հոգեբանական գիտելիքներ, ձիրք. «Օրինակ՝ ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) դեպքեր կան, երբ ֆիզիոթերապիայով կարելի է վերջույթների՝ մասնակի կամ ամբողջական շարժումները կարգավորել, կամ լոգոպեդի միջամտությամբ երեխայի խոսքը կարգավորել։ Այսինքն, երեխայի վիճակը կարելի է բարելավել բազմամասնագիտական խմբի` հոգեբանի, հատուկ մանկավարժի օգնությամբ՝ նրան տալով հնարավորություն՝ հասարակության մեջ իր տեղը գտնելու։ Չէ որ կրթության հատուկ կարիք ունեցող աշակերտն էլ ունի բնավորություն, վարք, պահանջմունք և բոլոր այն դրսևորումները, ինչ բոլոր մարդիկ։ Այս երեխաների համար անհրաժեշտ է մշակել անհատական ուսումնական պլան, թե քանի դասաժամ կարող է նա նստել դասին, որ թեման ինչքանով կյուրացնի։ Նյութը պետք է հարմարեցնել նրա կարողություններին ու ներգրավել դասապրոցեսին։ Ահա սա հասարակության մեջ մտնելու կարևոր ու սկզբնական քայլը կլինի»։
13-ամյա Դավիթի մայրը՝ Կարինե Ղազարյանը, նույնպես կարծում է, որ նեռական կրթության ուսումնական պլանը պետք է վերանայվի. «Այս տիպի երեխաները մաքսիմում կարող են դասապրոցեսին նստել 20 րոպե, դրանից հետո նրանց համար շատ դժվար է։ Անկեղծ եմ ասում՝ իմ երեխան ինչի հասել է, հասել է իմ շնորհիվ. ես երկու տարի նրա ձեռքը բռնել եմ, որ գրել սովորի»։ Ի դեպ, Կարինե Ղազարյանն ինքը տանը մասնավոր պարապմունքներ է անցկացնում՝ երաժշտական թերապիա, հատուկ կարիք ունեցող երեխաների հետ: Հիմնական աշխատանքի չի տեղավորվում՝ որդուն ավելի շատ ժամանակ տրամադրելու, նրան խնամելու համար:
Ի տարբերություն շատ ծնողների, որոնք խուսափում են իրենց՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին տնից դուրս բերել, տիկին Կարինեն ձգտում է որդուն ամեն կերպ ինտեգրել հասարակությանը՝ անգամ եթե խտրական վերաբերմունքը երբեմն խիստ ընդգծված է լինում. «Մի որոշ ժամանակ առաջ, երբ Դավիթին տանում էի Կենտրոն համայնքի դպրոցներից մեկը, որտեղ հիմնականում մեծահարուստների երեխաներն են հաճախում, ես շատ հստակ զգում էի բացասական վերաբերմունք: Մի դեպք պատմեմ: Դավիթը բացարձակ ագրեսիվ չէ, նա ուղղակի չի շփվում։ Մի անգամ, երբ նրան տանում էի դպրոց, երկու երեխա, մեզ տեսնելով, քչփչացին` էլի եկավ։ Ես ինձ վատ զգացի ու նրանց ասացի՝ ինչո՞ւ եք նման բան ասում. Դավիթը տանն ամեն օր ձեր՝ իր դասընկերների մասին է խոսում, պատմում, թե ինչքան է ձեզ սիրում։ Նրանք էլ պատասխանեցին, թե Դավիթին հարց են տալիս, սակայն նա իրենց չի պատասխանում, թեեւ ուզում են շփվել նրա հետ: Ապա ավելացրին՝ մենք չենք ուզում, որ նա գա մեր դասարան։ Դասղեկն ու տնօրենը հիանալի մարդիկ են, սակայն երբ տեսա այդ երեխաների ծնողներին, որոնք ինձ միշտ շեղ հայացքով էին նայում, հասկացա՝ երեխաների անհանդուրժող վերաբերմունքն ընտանիքից է գալիս»:
2020թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական, սակայն մինչ այդ թե մասնագիտացված կազմակերպությունների, թե պետության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ինչպես ծնողների հետ աշխատանքը, այնպես էլ դպրոցներում ճիշտ որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը: Հիմնականում մարզերում, օրինակ, աշխարհագրության ուսուցիչը նաեւ հոգեբանություն է դասավանդում, որն իր մեջ նաեւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. նեռարական կրթության կարիք ունեցող աշակերտի համար պետությունն ավելի շատ գումար է  տրամադրում, քան մյուսների դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here