«Դրանք կարող են լինել բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության կամ Արցախի ՊԲ-ի զենքեր». Անդրանիկ Քոչարյանը՝ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող զենքերի մասին

0
130

Forrights.am-ի հարցերին պատասխանում է Մարտի 1- գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՊՆ և ՆԳ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

Պարոն Քոչարյան, այսօր գնահատականներ կան, որ Մարտի 1-ի գործով քննությունը ուղղորդվում է և կանխակալ է: Որպես նախկին փաստահավաք խմբի անդամ, ի՞նչպես եք գնահատում քննության ընթացը:

Երբ պաշտպանական կողմն ունենում է շատ թույլ փաստարկներ պաշտպանական տակտիկան իրականացնելու համար, սկսում են նման հայտարարություններով հանդես գալ: Ես չեմ ասում, որ դրանք փաստաբանների հայտարարություններն են: Էդպիսի հայտարարություններ արեց Քոչարյանի խոսնակը, նման հայտարարություններ անում են այն կայքերը կամ գործիչները, որոնք որոշակի առնչություն կամ ունեն, կամ ունեցել են Ռոբերտ Քոչարյանի համակարգի հետ: Այսօր քննությունը գնում է իրավական ճանապարհով, ադեկվատ և դինամիկ գնում է առաջ: Որևէ խնդիր ես չեմ տեսնում: Ավելին, քննությունն այսօր արդեն իրականացվում է ոչ միայն Քոչարյանի մեղադրանքի շրջանակում, այլև Մարտի 1-ի այլ մասնակիցների ուղղությամբ՝ Արմեն Գևորգյան, Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում ԱԱԾ-ն գործողություն իրականացրեց և թաքցրած սպառազինության տեսքով բավական լուրջ բաներ ի հայտ բերեց:

Քննության հետ կապված ես որևէ մտավախություն չունեմ: Նոր ցուցմունքներ կան. օրինակ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հարցազրույցում ես տեսա այն ապացույցները, որ փաստահավաք խմբի գործունեության ժամանակ մենք փորձում էինք գտնել ՊՆ պահեստում, իսկ Գագիկ Մելքոնյանն, ըստ էության, հաստատեց, որ զինվորական համազգեստ է բաժանվել օլիգարխների թիկնազորի անդամներին և նույնիսկ մի միտք ասաց, թե պետք է պարզել՝ արդյոք նրանք զենք ստացել են, թե ոչ: Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զինատեսակները՝ դիպուկահարներ հրացանները, գնդացիրները լուրջ զինատեսակներ են: Եթե պարզվի՝ ՀՀ որ ուժային կառույցից են տրվել, կարող է նաև ապացուցվել օլիգարխների կողմից ձևավորված ապօրինի զինված խմբավորումների գործողությունների ամբողջ խճանկարը, որն արդեն կարող է փոխել մեղադրանքի ծավալը և ավելի խստացնել: Այնպես որ քննությունը գնում է ճիշտ ուղղությամբ, սպասենք նոր բացահայտումների:

Եթե բացահայտվի, որ որևէ ուժային կառույց է տվել այդ մարտական զենքները, դա ի՞նչ կնշանակի:

Եթեներով եկեք չխոսենք, սպասենք փորձաքննության արդյունքներին: Եթե կպարզվի, որ բացի համազգեստից, թիկնազորի անդամները նաև սպառազինություն են ստացել, կստացվի, որ ոչ թե սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել, այլ բանդիտիզմի դրսևորում, որով մեղադրանքի ծավալը կարող է և փոխվել: Փորձաքննությունների արդյունքները երբ կգան, կպարզվի՝ դրանք կրակվա՞ծ զենքներ են, թե՞ ոչ: Շատ հեշտ է պարզել՝ այդ զենքերը ոնց են հայտնվել այդ տարածքում և ում միջոցով, ուժային կառույցների՞ց է տրամադրվել, թե՞ ինչ- որ մարդկանցից:

Դուք հավանական համարո՞ւմ եք, որ Մարտի մեկին կրակած զենքները իշխանությունը, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, պահած լիներ մինչև հիմա:

Ես չեմ կարող ասել՝ ով է պահել: Քննությունը կպարզի: Բայց հայտնաբերվել է լուրջ զինատեսակ, և պետք է բացահայտվի, թե ում կողմից և ինչ նպատակով են ձեռք բերվել այդ զենքները: Քննչական ծառայության ղեկավարն ասաց, որ դա կապ ունի մարտիմեկյան դեպքերի հետ: Եթե դա ապացուցվի, մեղադրանքը շատ ավելի փաստարկված կլինի: Կնշանակի՝ մոտենում ենք Մարտի մեկի լիարժեք բացահայտմանը:

Սակայն Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ հայտարարել է, որ ինքն այդ տարածքի ու ԱԱԾ հայտնաբերած զենքի հետ ոչ մի առնչություն չունի, տեղյակ չի դրա մասին…

Դա քննությունը կպարզի: Հովիկ Աբրահամյանը ճիշտ է անում, որ հայտարարում է՝ կապ չունի, բայց քննությունը կարող է ապացուցի հակառակը: Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանի եղբորը, վարորդին, ի վերջո, իրենք իրենցից ի՞նչ էին ներկայացնում, որ նման սպառազինություն կարող էին իրենց տարածքում թաքցրած լինեին: Նախ՝ կպարզվի նրանց առնչությունը այդ զենքներին, որից հետո պարզ կլինի, թե զենքները որտեղից և ոնց հայտնվեցին էդտեղ և ինչպես են տնօրինվել: Դրանք կարող են լինել բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության կամ Արցախի պաշտպանական բանակի զենքեր: Ո՞նց են հայտնվել էդ տարածքում, ո՞ւմ հրամանով, ո՞նց են տնօրինվել, կրակվե՞լ են, թե՞ ոչ, Մարտի մեկի հետ առնչություն ունե՞ն, թե՞ չունեն: Սրանք էն հարցերն են, որոնք քննությունը պարտավոր է և կպարզի: Դրանից հետո պարզ կլինի՝ ամեն մեկը ինչ չափով է պատասխանատու էս ամենի համար:

Կարծում եք՝ պետք է ստուգվեն հայտնի ցուցակի բոլո՞ր օլիգարխները՝ այդ թվում Գագիկ Ծառուկյա՞նը:

Մեր չորրորդ զեկույցում նշված են անուններ, որոնք ստացել են համազգեստ որոշակի քանակությամբ, և բոլոր օրիգարխների տրամադրության տակ եղած այդ խմբերը ոչ միայն պետք է ստուգվեն ամբողջությամբ, այլև այդ խմբերը պետք է ոչնչացվեն իսպառ: Հայաստանում այլևս այդպիսի խմբեր չպետք է գոյություն ունենան, որոնք օգտագործվել են այդ ժամանակվա իշխանության կողմից: Դա արդեն ուրիշ պատմություն է, և ուրիշ քրեական հոդված է ի հայտ գալիս: Կարծում եմ, դրանով էլ հետագայում պարզ կլինի մեղադրանքի ծավալները և փոփոխությունը:

Պարոն Քոչարյան, Դուք ասում եք՝ գործի քննությունը ճիշտ ուղղությամբ է գնում, մինչդեռ մենք տեսանք, որ ՀՔԾ պետի հիշատակած ապացույցները ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի մասով, ինքը՝ Վալերի Պողոսյանը հերքեց՝ նշելով, թե ՀՔԾ պետը չի մտածել իր անվտանգության մասին: Սա ի՞նչ է նշանակում:

Դուք արդեն նշեցիք, որ Վալերի Պողոսյանն անհնագստանում է, որ իր անվտանգությունը վտանգված է, երբ որ Վիկիլիքսում ինքը նկարագրել էր նաև այդ ճնշումների մասին ամերիկյան պաշոնյաների հետ հանդիպման ժամանակ: Կարծում եմ՝ Վալերի Պողոսյանը տեղյակ չէ ՀՔԾ-ի տրամադրության տակ եղած այլ ապացույցների մասին: Եվ արժեր, որ մի քիչ սպասեր: Գուցե այլ ապացույցներ ևս կան: Շատ հնարավոր է՝ Արմեն Գևորգյանն իր ցուցմունքում հաստատել է այն, ինչ որ Վիկիլիքսը ներկայացրել էր Վալերի Պողոսյանի դրվագով: Էնպես չի, որ քննությունը միայն Վիկլիքսի տվյալներով մեղադրանք է ներկայացրել Արմեն Գևորգյանին, կարծում եմ, այլ ապացույցներ ևս կան: Կարող է կա Արմեն Գևորգյանի ցուցմունքը, որը հաստատում է այդ ամենը: Այնպես որ պետք չէ շտապել և կասկածի տակ դնել այդ դրվագները, որովհետև եթե այդ դրվագները գոյություն չունենային, Արմեն Գևորգյանի փաստաբանները մեղադրանքի հետ կապված բողոքարկելու շատ լուրջ հիմք կունենային, որն այս պահին ես չեմ տեսնում:

Մարինե Խառատյան

Հ.Գ Մեր հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ նախօրեին ձերբակալված Հենրիկ Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և միջնորդել նրան կալանավորելու համար: Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here