Ցմահ դատապարտյալը ծայրահեղ քայլի է դիմել՝ հանուն վարչապետի հետ հանդիպման

0
450

Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն օգոստոսի 1-ից հացադուլ և ջրադուլ է սկսել: Նա տեղափոխվել է առանձին խուց: «Արմավիր» Քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահականը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

Վաղարշակն այս պաշտոնյաներին գրավոր տեղեկացրել է հացադուլ-ջրադուլի ու հանդիպման պահանջի մասին: Վաղարշակ Ավետիսյանի հարազատները Forrights.am-ին տեղեկացնում են, որ իր գործի վերանայման պահանջով իրենց որդին ավելի վաղ նամակներ է ուղղել Վարչապետին, Արդարադատության նախարարին ու Գլխավոր դատախազին: Ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացվել, ինչից հետո դիմել է ծայրահեղ քայլի ու հիմա հանդիպում է պահաջում: Վարչապետ Փաշինյանին ուղղված նամակին պատասխան են ուղարկել Արդարադատության նախարարությունից:

Թեև Վաղարշակն իր նամակում խոսել է իր քրեական գործի վերաբացման մասին, նախարարությունում որոշել են դատապարտյալին պարզաբանել իր իրավունքները: Պատասխան նամակում գրել են, թե Վաղարշակ Ավետիսյանը պատժի կրման 20 տարին լրանալուց հետո իրավունք ունի ազատ արձակվել: Ցմահականը դժգոհում է, որ իր նամակին պատասխանում են ոչ թե վարչապետը, նախարարը կամ գլխավոր դատախազը, այլ՝ նրանց ենթակաները, որոնք հարցին չեն պատասխանելում ըստ էության՝ լղոզում են կամ խուսափում են հարցի բուն էությանն անդրադառնալ:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թվականի մարտի 16-ին՝ Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Իրեն վերագրվող արարքը չի ընդունում: Դատապարտված լինելով 1 անձի ցուցմունքի հիման վրա՝ 10 տարուց ավելի Ավետիսյանը պահանջում է վերանայել իր գործը:Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանն ավելի վաղ Forrights.am-ին պատմել է, թե ինչու որդին չի ընդունում իրեն վերագրվող արարքը.

«2008 թվականի հունվարին տղաս, որ այդ ժամանակ 20 տարեկան էր, իր ընկերոջ հետ գնում է ԼՂՀ: Հետ վերադառնալիս մի տաքսի են նստում, որը ճանապարհին փչանում է, իսկ երբ վարորդը գնում է քարշակ բերելու, տղաս ու ընկերը մեքենայից մի քանի իր են վերցնում և փախչում: Դրանից հետո տաքսու վարորդի տղան գալիս է մեր տուն, պահանջում են այն գումարը, որը պետք է վճարվեր ճանապարհի համար ու ես այդ ժամանակ եմ իմանում այդ միջադեպի մասին: Որդուս ասում եմ, որ այդ գումարը պարտադիր պետք է վճարի, ես ինքս էլ այդ գումարի մի մասը տալիս եմ: Հենց այդ միջադեպն է պատճառը, որը նույն տարվա մարտին մեկ այլ տաքսու վարորդի հետ տեղի ունեցած դժբախտությունը սկսեցին կապել որդուս հետ»,- պատմում է տիկին Բադալյանը:

Վաղարշակի իրավունքները խախտվել են ձերբակալման հենց առաջին րոպեից: Ձերբակալման արձանագրության մեջ կեղծիք են կատարել. չեն նշել, որ նա ինքնակամ է ներկայացել, նշել են, թե Վաղարշակը բերման է ենթարկվել.

«Որդուս մեկուսարանից տեղափոխեցին Գորիսի ձերբակալվածների վայր ու այնտեղ պահեցին 4 ամիս: Այդ չորս ամիսների ընթացքում նրան ամեն օր, ամեն ժամ դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել են.՝ ստիպել իր վրա վերցնել տաքսու վարորդի սպանությունը: Երբ ես պահանջեցի, որ որդուս հագուստը ինձ տան, հրաժարվեցին, քանի որ այն ամբողջությամբ արյան մեջ էր: Էդքան ծեծելուց հետո հանցագործությունն իր վրա չի վերցրել։ Ծեծն ու ջարդը ավարտվեցին միայն այն ժամանակ, երբ տղաս սպառնաց, որ ինքնասպան կլինի: Այդ ժամանակ նրան տեղափոխեցին Գորիսի բանտ, իսկ արդեն դատավճռից հետո հետ բերեցին «Նուբարաշեն»»,- պատմում է ցմահ դատապարտյալի մայրը:

Մարինե Բադալյանի խոսքով՝ ողջ նախաքննության ու դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել որդու այն ընկերներն ու ծանոթները, ովքեր պատրաստ էին հաստատել, որ սպանության օրը և ժամին Վաղարշակը ավտոլվացման կետում է եղել. «Նրանք ուղղակի աչք փակեցին այս բոլոր փաստերի վրա և հենց ամենասկզբից էլ՝ դատը դեռ չեղած, համոզված էին, որ ամեն ինչ տղայիս վրա են գցելու ու գործը փակեն: Այդպես էլ արեցին, ու որդիս արդեն 10 տարի է նստած է»,- ասում է Մարինե Բադալյանը:

31-ամյա Վաղարշակը 7 տարի առաջ ամուսնացել է:

Ռոբերտ Անանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here