Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանն ազատ արձակվեց

0
1456

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով 3 տարի ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանն այսօր ազատ արձակվեց. Վճռաբեկ դատարանը բավարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը եւ փոխեց Մովսիսյանի խափանման միջոց կալանքը՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցը։ Բացի վերոնշյալից, դատարանը որոշեց քրեական գործը հետ ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Արդեն «Էրեբունի» ՔԿՀ-ից ազատ արձակված Արթուր Մովսիսյանին դիմավորում էին հարազատները, ընկերները, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Բարեկամների հետ ողջագուրվելուց հետո, Մովսիսյանը նշեց, որ այսօրվա ազատ արձակումն իր համար որոշ չափով սպասելի էր.«Երբ այս գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցը փոխվեց, ես սպասում էի, որ կարճ ժամանակ անց իմ վրա էլ կազդի, սակայն չեղավ։ Այսօրվա ազատությունս եղավ միայն աջակիցներիս, «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ ինձ սատարողների պայքարի շնորհիվ։ Առանց նրանց՝ մինչեւ այսօր ոչ մի բան չէր փոխվի»,- հայտարարեց Մովսիսյանը։

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ իր հերթին շեշտեց՝ Վճռաբեկ դատարանից խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ որեւէ կասկած չկար, որ նա անմեղ է. «Արթուր Մովսիսյանը զոհ է դարձել մեկ այլ շինծու գործով ապացույցներ հավաքման գործընթացին։ Չնայած այն բանին, որ մասնակի լուծում ստացավ մեր հարցը, սակայն այս պահին մեզ համար առավել կարեւոր էր Մովսիսյանի ազատ արձակումը։ Մենք շարունակելու ենք պնդել, որ Արթուրն անմեղ է եւ հույս ունենք, որ առաջիկայում դատարանն արդարացի վճիռ կկայացնի նրա մասով եւ վերջնականապես կարդարացնի Մովսիսյանին»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը հավելեց՝ այս պահին այնպիսի տպավորություն է, որ դատավորները, հասկանալով, որ այս անձիք քաղաքական պատվերով են դատապարտվել, իսկ իրենք եղել են նախկին ռեժիմի կատարողները, հիմա չեն կարողանում նախկինում իրենց ապօրինի դատավճիռները սխալ ճանաչել. «Միջանկյալ լուծումներ են տալիս՝ կազմակերպված խումբը դարձնում՝ խումբ, խափանման միջոցներ փոխում եւ այլն, այնինչ միջանկյալ լուծումներ տալով արդարադտություն չեն իրականացնում»,- իր խոսքն ավարտեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արթուր Մովսիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Վերջինս մեղադրվում էր՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, իր բնակարանում հրազեն ու ռազմամթերք թաքցնելու և դրանք Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելու մեջ:

Նշենք, որ Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել էր, և նրանք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից, սակայն Արթուր Մովսիսյանը դեռևս շարունակում էր մնալ անազատության մեջ: Այդ պատճառով, մի քանի շաբաթ առաջ վերջինս հացադուլ էր հայտարարել՝ իր խափանման միջոցը փոխելու պահանջով:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here