«Դա բացարձակ ճշմարտություն է». Պավլիկ Մանուկյանը եւս մեկ անգամ հաստատեց հայտարարությունը

0
512

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ Երկու շաբաթով հետաձգված դատական նիստը վերսկսվեց լեփ-լեցուն դահլիճով. «Սասնա Ծռեր» համակիրները մեծ ոգեւորությամբ ու ծափահարություններով ողջունեցին ամբաստանյալներին։ Ապակեպատ պատնեշի մոտ մշտապես կանգնող եւ իր ընկերների հետ զրուցող «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանն այսօր լուռ էր՝ ակնհայտ անտրամադիր։ Համակիրներից ոմանք այդ հանգամանքը կապեցին նախորդ նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանի անակնկալ հայտարարության հետ։

Դատավարական կողմում այսօր ներկայացել էին նաեւ գործով անցնող տուժողները։ Այս պահին նրանցից միայն Խաչատուր Մուրադյանն է ցուցմունք տվել՝ ներկայացնելով այդ օրերին ՊՊԾ գնդում կատարվող իրադարձությունները։ Այսօր տուժող Մուրադյանին պետք է հարցեր տար պաշտպանական կողմը, սակայն, պայմանավորված Մանուկյանի հայտարարությամբ, դատավոր Մեսրոպ Մակյանն այլ ընթացք տվեց այսօրվա նիստին։
Դատավոր Մակյանը կողմերին հայտնեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը գրություն է ուղարկել դատարան. «ՀՊԳ-ից գրություն է ստացել դատարանը, համաձայն որի՝ նախկինում քրեական գործում ներգրավված հանրային պաշտպաններին հեռացնել վարույթից եւ նրանց փոխարեն նոր հանրային պաշտպաններ ներգրավել։ Ղեկավարը գտնում է, որ նախորդ նիստի Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո, եթե Արմինե Ֆանյանը եւ Լիանա Գասպարյանը շարունակեն իրականացնել Պավլիկ Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի եւ Էդվարդ Գրիգորյանի պաշտպանությունը, ապա շահերի բախում տեղի կունենա»,- նշեց դատավոր Մակյան։ Վերջինս եւս մեկ անգամ Պավլիկ Մանուկյանից ճշտեց հայտարարության բնույթը. «Դա բացարձակ ճշմարտություն է»,- եւս մեկ անգամ բարձրաձայն ասաց Մանուկյանը։
Մեսրոպ Մակյանն ամբաստանյալներից փորձեց ճշտել նրանց դիրքորոշումը գործին՝ նոր պաշտպաններ ներգրավելու մասին։ Արմեն Բիլյանը դեմ էր նոր հանրային պաշտպաններին, քանի որ արդեն իսկ ունի պաշտպան։ Սակայն շեշտեց՝ ցանկանում է իր շահերը ներկակացնի Արմինե Ֆանյանը։ Մյուս ամբաստանյալները եւս այդ կարծիքին էին։
Հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը եւ Լիանա Գասպարյանը դատարանին հայտնեցին, որ այս հաչցի շուրջ որեւէ կարծիք ունենալ չեն կարող, քանի որ իրենց վարույթում գտնվող քրեական գոըծերն իրենք չեն ընտրում, այլ Հանրային պաշտպանի գրասենյակը։
Դատարանը հաշվի առնելով ՀՊԳ-ի ուղարկած գրությունը, որոշում կայացրեց վարույթից հեռացնել Ֆանյանին ու Գասպարյանին եւ նոր հանրային պաշտպաններին ընդունել վարույթ։
Եւս մեկ շահերի բախում առաջացավ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ. նա դատարանում ներկայացնում է Պավլիկ Մանուկյանի եւ Մխիթար Ավետիսյանի շահերը։ Դատարանը վերջիններիս կարծիքը հարցրեց այս հանգամանքի մասին։ Ավետիսյանը շեշտեց, որ պաշտպանն ինքը պետք է որոշի, թե ում է պաշտպանելու, այնինչ Մանուկյանը կտրուկ հայտարարեց. «Ես իմ պաշտպանին ոչ ոքի չեմ տալու»։
Քանի որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր դատարանում չէր, դատավոր Մակյանը որոշեց մեկ շաբաթով նիստը հետաձգել, որպեսզի կարողանա ապահովել պաշտպանի ներկայությունը դատարանում։ Քրեական գործի վարույթը կշարունակվի օգոստոսի 8-ին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանն անսպասելի հայտարարությամբ էր հանդես եկել: Նրա խոսքերով Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ իրենք կապ չունեն՝ նշելով, որ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գիրգորյանն է եղել, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը:
Ռոզա Վարդանյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here