1998 թվականի ապրիլի 9-ին Ազատության հրապարակը վարդագույն, սպիտակ և կանաչ փուչիկներով է զարդարված: Ժամը 11-ին Օպերայի շենքում Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունն էր ԱԺ հատուկ նիստի ժամանակ: Դրսում սակավաթիվ բազմություն էր հավաված՝ ավելի քիչ քաղաքացիներ, քան 20 տարի հետո, հուլիսի 27-ի գիշերը, Շենգավիթի դատարանում, կալանքի որոշմանը սպասող:

Իսկ այն պատմական օրը կառավարական մեքենաները կանգնած էին անմիջապես հրապարակում, արձանների կողքին՝ Քոչարյանը երբեք չի հարգել Երևանը: Նա ԱԺ-ից դուրս եկավ Խոսրով Հարությունյանի և Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ, ինքնավստահ, գոհ դեմքով: Լուսահոգի Սեմ Արևշատյանը մատենադարանից Օպերա էր տարել Վեհամոր Ավետարանը, իսկ Գագիկ Հարությունյանն ու Ալվինա Գյուլումյանը ՍԴ-ից հանել էին ՀՀ Սահմանադրությունը: Երդվում եմ՝ լինել երաշխավորը, հարգել և պաշտպանել, նվիրումով ծառայել, և այլն, և այլն՝ ասում էր Քոչարյանը:

Ստացվում է, կարելի էր երդվել Սահմանադրության վրա, և հետո, օգտվելով անձեռնմխելիության իրավունքից, ազատվել դրանով հաստատված կարգի խախտման համար պատասխանատվությունից: Հենց այս տրամաբանությամբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կառչել են նրա անձեռնմխելիության իրավունքից:

Քոչարյանի մեղադրանքի հիմքում 0038 հույժ գաղտնի հրամանն է

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը գտնում է, որ Քոչարյանի մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»՝ այլ անձանց հետ համաձայնությամբ, անհիմն է: «Ինչ-որ փաստեր են նկարագրված, հետո ասում է՝ 300.1 հոդված: Մոտավորապես, այսպես. Արամ Օրբելյանը վեր կացավ, գնաց ցնցուղ ընդունեց, ատամները մաքրեց, սափրվեց, չսափրվեց, իջավ, նստեց ավտոմեքենա, ճանապարհին բենզին լցրեց, եկավ ինտերվյու տվեց, և դրա համար ինքը մեղադրվում է գողության համար: Այսինքն՝ ես հանցակազմի էլեմենտը չեմ կարողանոմ հասկանալ: Մինչև վերջ չենք հասկանում՝ մեղադրվում է զորք օգտագործելո՞ւ մեջ, մեղադրվում է արտակարգ իրավիճա՞կ մտցնելու մեջ»,- հայտարարում է փաստաբանը:

Նա գտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրած ապացույցներից ոչ մեկը չի վերաբերում Քոչարյանին, որ նախագահի անձեռնմխելիթյան իրավունքը խախտված է. «Իմունիտետը տալիս են նրա համար, որ եթե անգամ լինի հանցակազմ, անձը հանգիստ լինի գործողությունները կատարելիս», — այսօրվա ասուլիսում նշեց փաստաբանը:

Մեկնաբանում է փաստաբան Նորայր Նորիկյանը: «Քոչարյանի թիմակիցների և նրան սպասարկող քարոզչամեքենայի դատողությունը հետևյալն է. եթե նախագահ է եղել, ուրեմն, որևէ պարագայում չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվությա՞ն: Սա ի՞նչ տրամաբանություն է»: Թե գործող սահմանադրության 140 հոդվածով, թե 2005 թվականին ընդունված սահմանադրության 56.1 հոդվածով ամրագրված է, որ ՀՀ նախագահը իր կարգավիճակից բխող գործողությունների համար իր լիազորությունների ժամկետում չի կարող պատասխանատվության ենթարկվել, իսկ իր կարգավիճակից չբխող գործ համար կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո:

Ըստ Նորայր Նորիկյանի, Քոչարյանին մեղադրում են 2008 թվականի փետրվարի 23-ին 00.38 հատուկ հրամանը արձակելու համար, ինչը չի բխել իր կարգավիճակից:

«Այդ հրամանում գրված է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները իրագործելու նպատակով կազմավորել Երևանի կայազոր, այսինքն, զինված ուժերը օգտագործել Երևանում ծավալվող քաղաքական գործընթացներում։ ՀՀ Սահմանադրության 8.2 կետը հստակ ամրագրում է, որ ՀՀ զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և պաշտպանությունը: Սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վեարհսկողության ներքո և քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: 55 հոդ 13-րս կետում նշված են բացառիկ այն դեպքերը, երբ ՀՀ զինուժը օգտագործելու վերաբերյալ հհ նախագահը իրավասություն ունի: 13-րդ կետը հստակ տալիս է՝ ՀՀ նախագահը կարող է հայտարարել ռազմական դրություն և որոշում կայացնի զինված ուժերի օգտագործման մասին , բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ վրա արտաքին հարձակում է եղել: Քանի չես հայտարարել ռազմական դրություն, զինուժը օգտագործելու որոշում կայացնելու իրավունք չունես: Իսկ 2008 թվականի փետրվարի 23-ին ռազմական դրություն հայտարարված չի եղել, ինչպես չկար սահմանադրական կարգին սպառնացող վտանգ»:

«Ես սահմանադրական կարգի կրողն էի».

Ռ. ՔոչարյանԻր մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանը անվանում է ծայրահեղ ապօրինի: Մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուն պես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: «Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության… Ես, իբև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի, և այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, և ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը»: Թիվ 0038 հրամանի հետ Քոչարյանը կապ չունի: Նա պնդում է.

«Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացրել, նախագահը չունի ավելի լայն իրավասություններ, քան սահմանադրությամբ է: Այդ հրամանը նախարարի հրամանն էր», — ասաց երկրորդ նախագահը դաշնակցական հեռուստատեսության եթերում, ըստ երևույթին, քաջ գիտակցելով իր հանդեպ հանրային ատելության չափը: Գոնե դրանից ելնելով, սպասվում էր որ մեղադրյալը 10 տարի անց մի «թույլ բերան» ներողություն կխնդրի 1-2-ին տեղի ունեցած հանցարարքների համար, գոնե դրանց այն մասի, որը տեսաձայնագրված է, հասանելի է բոլորին, ապացուցման կարիք չունի: Դրա փոխարեն Քոչարյանը փորձում է հիմնավորել, որ ինքը կապ չի ունեցել զորքերի տեղաշարժի հետ, շարունակում է մտածել, որ ժողովուրդը «խուլիգան» է, դրա համար էլ «մտցրել» է արտակարգ դրություն:

«Ես մտցրել եմ այն ժամանակ, երբ արդեն առաջին մարդը զոհվեց. նա եղել է ներքին զորքերի կապիտան, Համլետ էր անունը: Այդ տղան զոհվեց: Երբ որ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքերը և խառնվեցին ցուցարարները ոստիկանների հետ, իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, և Պռոշյանով սկսվեց թալան, այդ ժամանակ ես ստորագրեցի», — ասում է նա դաշնակցական լրագրողին:

«Որևէ ուժային ինքնակամ չի գործել»

ՀԱԿ իրավական հարցերով խորհրդատու Արմեն Խաչատրյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Մարտի մեկի և դրանից բխող քրեական գործերով, քաղբանտարկյալների իրավական խնդիրներով, ողջունում է Ռոբերտ Քոչարյանին այս հեռուստազրույցի կապակցությամբ.

«Թող շարունակի ցուցմունքներ տալ, թող շարունակի ինքնախոստովանությունների շարքը, թող նաև նշի, թե ում աջակցությամբ է սահմանադրական կարգը տապալել, որի հետևանքով իշխանություն է զավթել Հայաստանում: Ես ողջունում եմ իր այս պահվածքը՝ ԿԸՀ-ի և Սահմանադրական դատարանի դեմ տվեց ցուցմունքները: Ինքն իր մի շարք գործողություններին տվեց մեղադրական որակումներ, որոնք այդ պահին իր նյարդային ցնցումների մեջ, մի գուցե, փորձում էր ինքնապաշտպանվեր, բայց հաստատեց բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք մենք ունեինք մեր ձեռքի տակ: Քննիչը շատ լավ կաշխատի դրանց վրա», — ասում է իրավաբանը:

Վերադառնալով 2008 թվականին ընդդիմության կազմակերպած միտինգներին, նա վերհիշում է, որ հանրահավաքների ժամանակ «մի հատ ճյուղ, մի հատ ապակի, մի հատ մեքենա չի կոտրվել, մեկի քթից արյուն չի եկել»:

«Բազմաթիվ սադրանքներ էր տեղի ունենում Ազատության Հրապարակում: Որևէ խուլիգանական արարք չի կատարվել, զենք-զինամթերք չի հայտնաբերվել: Հիմա՝ 2008 թվի առավոտյան մարտի մեկին ի՞նչ գործողություն էր կատարում ոստիկանությունը: Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եկել էին ստուգելու: Եթե մենք էդ օրը նայենք հարուցված քրեական գործերի հաջորդականությունը, կտեսնենք, որ առաջին քրեական գործը, որը հարուցեց Վահագն Հարությունյանը՝ ապօրինի հավաքը ցրելուն չենթարկվելու վերաբերյալ քրեական գործն էր: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 316-րդ հոդվածով չի եղել քրեական գործ:

Այսինքն, իրենք եկել էին հավաքը ցրելու, չունենալով դրա համար որևէ հիմք: Հետո իրենք փոխեցին՝ խուզարկություն դարձրեցին, բռնություն: Դուբինկեքով, վահաններով, էլեկտրաշոկերներով չեն գալիս խուզարկություն անելու, այլ գալիս են թուղթ-գրիչով ու ձեռնոցներով, որ մատնահետք չթողնեն: Խուզարկության չեն գալիս այդ հանդերձանքով, անհասկանալի զորամիավորորումներով ու միանգամից չեն հարձակվում վրաններում քնած ժողովրդի վրա, սրանք ակնհայտ փաստեր են: Սրանից հետո ժողովուրդը հավաքվել է դեսպանատների մոտ, որտեղ իրեն փորձում է դեսպանների աչքի առաջ պաշտպանել:

Միևնույն է, դրանից հետո էլի երկու անգամ հարձակվել են ժողովրդի վրա, տեսանյութերը կան: Ուզում եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ց էր անհանգստանում: Մինչև արտակարգ դրություն մտցնելը որևէ խանութի ապակի չի ջարդվել, որևէ շենք որևէ մեկը չի ներխուժել: Եթե ժողովուրդը ուզում էր ապակայունացներ վիճակը, կամ դիմեր զենքի, և այլն, առավոտից ժողովրդի «կալցոյի» մեջ էր ընկել մարտական զրահամեքենա: Ժողովուրդն իր ուժերով, Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կազմակերպում է, բացում են միջանցք, որ զրահամեքենան դուրս գա: Բա բռնության գնացող ժողովուրդը զրահամեքենայի նման լավ գործիք ունենալով ձեռքի տակ, բաց կթողն՞ի: Տրամաբանությունը ո՞րն է: Եւ եթե այնտեղ կար մեկը, ով կարգ ու կանոն էր պահպանում՝ հրապարակում հավաքված ժողովուրդն էր, որի նկատմամբ գիշերով կիրառվեց հրազեն, հատուկ միջոցներ»:

Դա քաղաքական իրավիճակ էր, որին պետք է քաղաքական լուծում: Ռոբերտ Քոչարյանի անձնական հրամանն էր, և դրա նախապատրաստական շրջանը եղել է փետրվարի 20-ից»: ՀԱԿ իրավախորհրդատուն համոզված է, որ որ որևէ ուժային ինքնակամ չի գործել, բոլոր հրամաններն արձակել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը:

Այսպիսով, Մարտի մեկի գործը մի դրվագ չէ, այլ փոխկապակցված իրադարձությունների բարդ շղթա, որի բացահայտումն այսօր պետք է բոլորին: Եւ եթե բոլոր հարցերի պատասխանները չտրվեն, ապա, ինչպես ասում է Քոչարյանը, «Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest