«Եթե ես գնայի բանակ, իմ կյանքին լուրջ վտանգ էր սպառնալու: Ֆիզիկական բռնությունների արդյունքում ես կզրկվեի կյանքից, կամ հնարավոր է՝ հոգեբանական բռնություններին ու հետապնդումներին չդիմանալով՝ դիմեի ինքնասպանության»,- Forrights.am-ին պատմում է նույնասեռական «Ա.Ս.»-ն:

ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ զբաղվող 29-ամյա երիտասարդը վստահեցնում է՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող նույնասեռականները պարզապես անհանգստանում են իրենց կյանքի համար: Ինքը ևս չի հրաժարվել զինվորական ծառայությունից, պարզապես պետությունը չի տվել երաշխիքներ, որ զորամասում կապահովի իր անվտանգությունը: ՊՆ նախարարի որոշմամբ ազատվել է զինծառայությունից:

Հայաստանի Զինված ուժերում ծառայելը վտանգում է նույնասեռական զորակոչիկի կյանքը: Պետությունը նույնասեռականներին չի տալիս երաշխիքներ, որ զորամասում նրանք չեն ենթարկվի դաժան, խտրական վերաբերմունքի: «Ա.»-ն, որ մինչ օրս բանակից սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում, կարծում է, որ նույնասեռականների կյանքը զինված ուժերում դեպի դրականը չի փոխվել: Երբ զորամասում բացահայտվում է զինծառայողի՝ նույնասեռական լինելը, նրա նկատմամբ բոլորը թշնամանում են և սկսվում է հետապնդումների մի ամբողջ շարք: Համածառայակիցները չեն շփվում նույնասեռականի հետ, ճաշարանում նույն սեղանի շուրջ հաց չեն ուտում, առանձնացվում է նրա սպասքը:

Բայց սա ատելության անմեղ դրսևորում է: «Ա.»-ի խոսքով՝ զորամասում փորձում են պարզել, թե անձը սեռական ակտի ժամանակ ինչ դերում է գտնվում: Եթե դա պասիվ դեր է, նրան տեղափոխում են այլ զորամաս, իսկ ակտիվ նույնասեռականը ենթարկվում է քրեական պատասխանատվության: Նոր զորամասում պասիվ նույնասեռականի դեմ հետապնդումները չեն դադարում:

Իրավապաշտպան «Ա.»-ն վստահեցնում է՝ չկա մի դեպք, որ նույնասեռականի հետևից «քսիվ» չուղարկեն զորամաս ու չտեղեկացնեն անձի սեռական կողմնորոշման մասին: Ամենաթողությունը երբեմն հասնում է նրան, որ «նատուռալ» զինծառայողները բացահայտված նույնասեռականին սեռական շահագործման են ենթարկում: Դա մյուս զինծառայողները չեն դատապարտում, եթե անգամ սեռական ակտը բռնությամբ է տեղի ունենում: Ծեծ, նվաստացումներ, հայհոյանքներ… այնքան է շարունակվում, որ բանը հասնում է ընդհուպ ինքնասպանության: Իրավապաշտպանը պատմում է իրեն հայտնի մի դեպք.

«Անձի հեռախոսում հայտնաբերել են ծանոթությունների կայք, որի միջոցով պարզել են որ նա նույնասեռական է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել և ուսումնասիրություններ են սկսվել: Ընդհուպ՝ անձին տեղափոխել են բժշկական հաստատություն՝ ստուգելու, թե արդյո՞ք նա ունեցել է սեռական հարաբերություն: Բացատրել են, թե դա անօրինական վարագիծ է, ինչի համար նա պետք է պատժվեր: Չիմանալով օրենքը՝ զինծառայողը պարզապես անօրինականության զոհ է դարձել և փորձել է ապացուցել իր՝ ոչ նույնասեռական լինելու փաստը:

Փաստերի բացակայությամբ պարզվել է, որ անձը նույնասեռական չէ և քրեական գործը կարճվել է: Հոգեբանական այս հետապնդումներից անձը փորձել է դեղ խմել ու կյանքին վերջ տալ: Իր ինքնությունը չճանաչելով ու դրանից վախենալով՝ զինծառայողը լուծումը գտել է կյանքին վերջ տալու մեջ, ինչը բարեբախտաբար տեղի չի ունեցել»: Ինչպես ընդունված է ասել՝ բանակը հասարակության հայելին է: Նույնասեռականների նկատմամբ անհանդուրժողականությունը ամուր տեղավորվել է հայաստանցիների մշակույթում, իսկ բանակում դա դրսևորվում է առավել հուժկու ուժգնությամբ:

«Ա.»-ի կարծիքով՝ նույնասեռականների նկատմամբ անհանդուրժողականությունը որոշակի քաղաքական համատեքստ ունի: Արևմուտքի դեմ քաղաքական պատերազմում Ռուսաստանը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է որպես գործիք: Քարոզվում է հասարակությանը, թե Եվրոպան ու Ամերիկան այլասերվածություն են տարածում նույնասեռականների միջոցով.

«Ռուսական այս պրոպագանան միտումնավոր ներդրվել է Հայաստանում: Նպատակը՝ հայերին հեռու պահելն է իբր այլասերված եվրոպացիներից: Չխորանալով հարցի մեջ՝ հայաստանցիները կրկնօրինակում են մարդու նկատմամբ ատելության ռուսական մոտեցումները: Ցավոք՝ ժամանակի ընթացքում ատելության այդ տեսակը դարձել է հայաստանիցների մենթալիտետին բնորոշ»,- Forrights.am-ին պատմում է «Ա.Ս.»-ն: Նույնասեռական լինելը հավասարեցված է հոգեկան հիվանդության

Զինվորական ծառայությունից ազատվելուց հետո «Ա.Ս.»-ն ներքաշվել է անվերջ ձգվող դատական քաշքշուկների մեջ: ՊՆ-ում գործում է ներքին իրավական ակտ, որով նույնասեռականին իր հայտարարության և բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա ազատում են զինվորական ծառայությունից: Այդ ակտը նույնասեռականներին դասում է հոգեկան խանգարում ունեցողների շարքին: Ինչպես մյուսները, «Ա.»-ն ևս ՊՆ որոշմամբ ճանաչվում է հոգեկան խանգարում ունեցող անձ: Պետության խտրական վերաբերմունքն այսքանով չավարտվեց:

2016 թվականին Ճանապարհային ոստիկանությունը «Ա.Ս.»-ին ծանուցում է, որ անվավեր է ճանաչվել նրա վարորդական իրավունքը, քանի որ ինքը հոգեկան խանգարում ունի: «Ա.»-ն դիմում է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն վարորդական իրավունքից զրկելու մասին ոստիկանության որոշումը: Դատարանում «Ա.Ս.»-ի շահերը ներկայացնող փաստաբան Մարո Խաչատուրյանը հայցադիմումի մեջ նշել է, որ իր վստահորդի նկատմամբ ոստիկանությունը խտրական մոտեցում է դրսևորել՝ չփորձելով տարբերակել, թե արդյո՞ք «Ա.»-ի հոգեկան հիվանդությունն այնպիսին է, որ նա չկարողանա ավտոմեքենա վարել կամ վտանգել երթևեկը: Գործը վարվումմ է «Նոր սերունդ» ՀԿ աջակցությամբ: Մարո Խաչատուրյանի խոսքով՝ ոստիկանությունը հաշվի չէր առել ո՛չ միջազգային պրակտիկան, ո՛չ Հայաստանի Սահմանադրությունը.

«Դատարանում ես ցույց տվեցի միջազգային փորձը, որ այլ երկրներում նույնասեռականությունը հիմք չէ անձին վարելու իրավունքից զրկելու: Ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիան սահմանում է՝ պետք է հստակ ապացուցվի, որ տվյալ անձը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության համար, և միայն այդ դեպքում կարելի է նրան զրկել վարորդական իրավունքից: Ոստիկանությունը նույնիսկ փորձագիտական եզրակացություն չներկայացրեց, թե ինչպես էր Ա.Ս.-ն վտանգելու երթևեկությունը»:

Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն ի վերջո ճանաչեց «Ա.Ս.»-ի իրավունքի խախտման փաստը: Ոչ իրավաչափ է ճանաչվել ոստիկանության կողմից համահավասար կիրառվող որոշումները: Այսինքն՝ դատարանը գտել է, որ ոստիկանությունը բացառել է անհատական մոտեցումը յուրաքանչյուր անձին: Պետք է պարզեր, թե «Ա.Ս.»-ի հոգեկան հիվանդությունը որքանով կվտանգի ճանապարհային երթևեկությունը:

Դատավոր Լիանա Հակոբյանի կայացրած դատական ակտը ամբողջությամբ չի գոհացնում «Ա.Ս.»-ին ու նրա փաստաբանին: Վճռի մի մասը կբողոքարկվի վերադաս ատյանում: Դատավոր Հակոբյանը կայացրած դատական ակտով նույնասեռականությունը ճանաչել է հոգեկան հիվանդություն: Փաստաբան Մարո Խաչատրյանը սա ոչ օրինաչափ է գնահատում: Միջազգային Ֆ-66 դասիչը նույնասեռականությունը չի համարում հոգեկան հիվանդություն: Հայաստանը, թեև այս դասիչի կիրառող պետություն է, այդուհանդերձ, պետական կառույցներ ՊՆ-ն ու ոստիկանությունը նույնասեռականությունը դասում են հոգեկան հիվանդությունների շարքին:

Փաստաբան Խաչատրյանի խոսքով՝ օրենքը մեզ մոտ խտրական է կիրառվում. «Այսինքն՝ միայն մարդու հայտարարությունը, թե ինքը նույնասեռական է, չի կարող հիմք դառնալ նրան հոգեկան հիվանդ ճանաչելու: Բժշկական հետազոտությունը միայն կարող է հաստատել հոգեկան խանգարման փաստը: Նույնասեռականությունն անձի անքակտելի իրավունքն է, դա բնածին երևույթ է, և միջազգայնորեն հաստատված է, որ հիվանդություն չէ: Ստացվում է՝ մենք խնդիր ունենք, ոչ թե օրենքի հետ, այլ՝ իրավակիրառողի»,- նշում է Մարո Խաչատուրյանը: Պետական մարմինները ևս մեկ դրվագով խախտել են «Ա.Ս.»-ի իրավունքները: «Ա.»-ի՝ նույնասեռական լինելու մասին տեղեկությունը Պաշտպանության նախարարությունը փոխանցել է Ոստիկանությանը:

Այս մասով ևս փաստաբան Մարո Խաչատուրյանը դատարան հայց է ներկայացրել, որով դատարանից պահանջում է ճանաչել իր վստահորդի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումը. «Առանց իմ վստահորդի գիտության՝ ներքին կարգով նրան վերաբերող տվյալների փոխանցումը ոչ իրավաչափ է: Ոստիկանությունն ու ՊՆ-ն խախտել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը»,- նշում է փաստաբանը: Այս գործը դեռևս դատաքննության փուլում է:

Իրավապաշտպան «Ա.Ս.»-ն ասում է, որ մեծ կարիք կա պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության. «Որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող է պետությունը ապահովել անձի կյանքի իրավունքը բանակում, որպեսզի նույնասեռական անձինք չխուսափեն ծառայելուց, և նույնասեռականությունը չդասվի հոգեկան հիվանդությունների շարքին: Անձին ճանաչել հոգեկան հիվանդ, այն հիմքով, որ նա նույնասեռական անձ է, դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա խտրական մոտեցում է նույնասեռական անձանց նկատմամբ և դա պետության թերացումն է»:

Բանակում նույնասեռականների իրավունքների խախտումներից խուսափելու ևս մեկ տարբերակ է պրոֆեսիոնալ զինվորական ծառայության անցումը: Բարձր աշխատավարձով բանակ կզորակոչվեն մեծաթիվ քաղաքացիներ, իսկ նույնասեռականներն ստիպված չեն լինի պետությունից բարեգթություն խնդրել:

Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest