Կապիտանը սովորություն ունի հարբել և օդ կրակել. մարդասպան հրամանատարին չեն կալանավորել

0
202

Սև «դոմիկ», չորս պատ, խարխուլ տանիք՝ Վարդենիսի զորամասում սպանված եֆերյտոր Հովհաննես Մելքոնյանի միակ սենյակը նեղ է, փոքրիկ: Ժամանակակից էլիտար շենքերում զուգարաններն անգամ ավելի լայն են կառուցվում: 15 տարվա զինվորականը երեք երեխա է մեծացրել, ապրել է, երազել է, որ աստիճանաբար տուն կդառնա: Այնքան վստահ է եղել, որ երկու տարի առաջ նույնիսկ «թանկանոց» սառնարան է վերցրել ապառիկ՝ 300 հազար դրամ արժեքով: Կեսից ուժը չի պատել, որ վարկը փակի, բանկային տոկոսի տակ է ընկել: Եֆրեյտորին գցել են սև ցուցակ: Հիմա երկուսուկես պարտք դեռ ունի, տոկոսներով: Բայց եֆրեյտորի համար սա արդեն կարևոր չի: Հուլիսի 22-ին նրան սպանեցին:

«Սավսեմ տանջված տղա էր»

Սև տնակում մնաց եֆրեյտորի հիվանդ կինը՝ Լեյլան, որին հարևան գյուղերից տարբեր փողատեր-հողատերեր գալիս են, տանում են և աշխատեցնում են իրենց դաշտերում օրը երկու հազար դրամով: «Ամոթ էլ է, կանայք ենք, գնում, կանգնում ենք ճամփին, թե ով կգա մեզ կտանի, կոպեկներով կաշխատացնի», — արդարանում-գանգատվում է Լեյլայի մայրը՝ Ռոզա Սեդրակյանը: Նա պինդ կին է, պահում է աղջկա միակ սյունն է մնացել: Տանում է իր տուն, պահում է: Չի անիծում փեսային աղջկան դժբախտացնելու համար, խղճում է.

««Սավսեմ» տանջված տղա էր: 12 տարեկանում ծնողները երկրաշարժի տակ են մնացել, մահացել են: Անտեր երեխա էր: Աղբերը 32 տարեկան է մահացել: Մի հատ քույր ունի, մարդը մահացավ: Ջուխտ երեխեն եթիմ մնացին: Ես էլ էս կիսակառույց դոմիկն առա, տվի իրանց, գնաց «նայոմնիկ», որ իրա տունը սարքեր, տեղը սարքեր, էն էլ խփեցին: Ինքը 45-ը լրացավ յոթի օրը: Առաջին երեխեն ամուսնացրեց, հունիսի 9-ին հարսնիքն էր: Երկու շաբաթ թմավ աղջկա հարսնիքի օրից: 22-ին խփեցին»:Այնքան անբախտ էր եֆրեյտոր Մելքոնյանը, որ 15 տարվա զինվորական ազնիվ ծառայության ընթացքում միայն մի «պարգև» է ստացել: Ոչ թե մեդալ, կամ գոնե պատվոգիր, այլ շնորհավորագիր «Սև հովազ» ջոկատից.

«Հարգելի Հովհաննես Մելքոնյան, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ՊՆ N զորամասի 7-րդ հրաձգային գումարտակի կազմավորման տարելիցի կապակցությամբ»: Անքան անբախտ, որ նույնիսկ նրան սպանողին՝ հրամանատարի տեղակալ, կապիտան Սարգիս Կարապետյանը, դատարանը չկալանավորեց: Քննիչ Խաչատրյանի միջնորդությունը կալանքի վերաբերյալ մերժվել է, և Սևանի քննիչը, ինչպես պատմում է Ռոզա Սեդրակյանը, ջղայնացել է ու ասել. «72 ժամից հետո բերել եմ Երևան, Երևանը բաց է թողել»:

«Պովրի զենքը վերցրել է, խփել»

Սպանություն գործած անձի՝ վաշտի հրամանատարի տեղակալ կապիտան Սարգիս Կարապետյանի եղբայրը նրան բերել է «դոմիկ»: Կապիտանը չոքել է սպանվածի հարազտների առաջ, բայց գերեզման գնալ հրաժարվել է, «վախտը չի», — ասել է: «Խմած է եղել, զենքը տարել են, չեն կրցե վրեն, պովարի զենքը վերցրել է, խփել: Կըսե՝ տոտա, թևս թուլցավ, տեսա, փեսեդ թեքվավ: Սպանողին աղբերը բերելա ստեղ: Իրեք օր ա մնացել փակած, երեք օրից բաց են թողել: Հանցանքը վիզ ա առել, իրան բաց են թողել: Հորողբերը վայենկամատի աշխատող ա եղել, լավ ծանոթներ ունեն, բաց են թողել; Մի հավ գողցողին տանում են քոզում են, մարդ սպանողին թողնում են», — պատմում է Ռոզա Սեդրակյանը:

Լեյլան էլ «մարջի» պատմությունն է անում. «Էդ խփողը «մարջ» է եկել, որ մի ձեռքով կկրակի, կեսից ձեռքը թուլացել, կախվել է: էդ մի գյուլլեն կպել է Հովոյին»: Ամուսնու մահվան պաշտոնական վարկածին նա չի հավատում: «Ով ինչ ասում է, ես ասում եմ՝ դատը ցույց կտա: Դատից հետո մենք ճշմարտությունը կիմանանք: Քննիչը ասեց՝ 12 հոգի հարցաքննել են, 12-ն էլ տարբեր բաներ են ասել: Իրանց ցուցմունքը չի բռնում իրար», — ասում է Լեյլան:

Մեզ ՀՀ ՔԿ զինվորական գործերով վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Խաչատրյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել. «Նախաքննության փուլում ես Ձեզ ոչինչ ասել պարտավոր չեմ», — պատասխանեց նա: Մեզ հաջողվեց պարզել սույն գաղտնի վարույթի որոշ պաշտոնական մանրամասներ: Կապիտանը կրակ է բացել ԱԿՄ տեսակի ինքնաձիգից: Նրա համար մոր ծննդյան կապակցությամբ 3 լիտր օղի են բերել: Նա հարբել է զորամասում, սկսել է կրակել օդ:

«Նույնը կրկնվել է նաև ժամը 21:00-ի սահմաններում: Դրանից հետո` ժամը 22:50-ի սահմաններում, կապիտանը կրկին զինաբուրգից վերցրել է նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, եֆրեյտոր Հ.Դարբինյանին ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` արձակել անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող, մարտական դիրքում հերթապահություն իրականացնող, պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը», — տարածել է քննչական կոմիտեն։

Ըստ մահվան վկայականի, մահվան պատճառն է եղել կրծքավանդակի գնդակային միջանցիկ վիրավորումը, աջից կողերի և աջ թիակոսկրի կոտրվածքները, զույգ թոքերի և շնչափողի վնասվածքները, արյունահոսությունը: Առհասարակ, կապիտանը օդ կրակելու սովորություն է ունեցել: Ըստ գործի նյութերի, նա նույնը կատարել է եֆրեյտորի սպանությունից մի քանի օր առաջ՝ հունիս 15-ին, մարտական դիրքում: Ներկայում նա շարունակում է ծառայությունը:

Զինծառայողին սպանողին մեղադրում են ռազմական գույքը վատնելու հոդվածով

Թվում է, որ հրամանատարի տեղակալին գոնե անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով կմեղադրեն: Սակայն մեղադրանքը առաջադրվել է քրեական օրենսգրքի անհամեմատ ավելի մեղմ պատիժ ենթադրող հոդվածներով՝ «Ռազմական գույքը վատնելը» /371, մաս 2/, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով, ինչպես նաև

«Զենքիմ ռազմամթերքի, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը», որն անզգուշությամբ պատճառել է մահ /373, մաս3/: Վերջին հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով: Այսպես, մեր քննիչները մարդկային կյանքն ավելի էժան են գնահատել, քան ռազմական գույքը:Օրերս մեղադրանքը լրացվել է ևս մեկ հոդվածով՝ «Մարտական հերթապահության կամ ծառայության կրելու կանոնները խախտելը», որն առաջացրել է ծանր հետևանքներ /365, մաս 3/:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք, թե արդյոք նա արդար է համարում այն, որ հրամանատարը հարբած վիճակում զինվորների վրա կրակ բացելուց հետո ազատ է արձակվում և նույնիսկ շարունակում է ծառայությունը, պատասխանեց. «Եթե դիտավորյալ սպանություն չի, երբեք սպային չեն կալանավորում»: Մեր բանակում հեղափոխությունից հետո իրավամբ ոչինչ չի փոխվել:

Ընտանիքը եֆրեյտորի մահվան մասին իմացել է մամուլից: «Ղժուններն եկան մոր ու աղջկա, — հիշում է Ռոզա Սեդրակյանը, — արդեն որ խաբարն եկավ, Հովիկի դիակի հետ նրանց խումբը եկավ զորամասից եկան, բա դեպքը սենց ա եղել, միամիտ ա եղել»:

Զինկոմիսարիատից զլացել են զանգել, ցավակցել: Զինծառայողի մահվան դեպքում ընտանիքին տրվող միանվագ պետական ապահովագրության գումարը՝ 910 հազար դրամ, հուղարկավորության ծախսը՝ 700 հազարդրամ, Լեյլային չեն տվել: Զինկոմիսարիատից պատճառաբանել են, որ զոհված եֆրեյտորը երեխաների հայրությունը չի ճանաչել: «Ինձ ասին՝ զագս չունեմ: Եկել ա, 23-24 տարի ապրել ա ինքը, օրինական մարդ ու կին ենք, երեք հարևան երաշխավորել են: Երեք երեխեք ունենք: Հիմա սպասում ենք, որ թղթաբանությունը վերջանա, զինկոմիսարիատից Լալայանը ասեց՝ թղթերը լինեն, կստանաք», — ասում է Լեյլան:

50 հազար դրամ օգնություն է դուրս գրել գյուղապետարանը: Եֆրեյտորին թաղել են զոքանչի տանից: Կինն է պատմում. «Դոմիկից հո չէինք տանի, տեղ չկար, հայաթն էլ դնեինք՝ արև էր, չէր էղնի: Կլուբում դրեցինք: Մեր, գյուղապետն ասեց՝ դնենք մի երկու ժամ գոնե, նոր շարժվենք»: Այնքան անբախտ էր եֆրեյտոր Հովհաննես Մելքոնյանը, որ արևը, նրա տնակի վրա բացվելիս, ներողություն է խնդրել:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here