Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվել էին պայթյունների ձայներից: Մի տնից 10 մետր հեռու կրակել էին, պայթյունի ձայնից երեխան ընկել է»,- Forrights.am-ին պատմում է Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը:

Գյուղացիները գտնված փամփուշտներից եզրակացնում են, որ ռուս զինվորները կրակել են АКС, РПК և ПК տեսակի զենքերից և պայթեցրել հրավառ նյութեր: Կրակոցները տևել են մոտ 10-12 րոպե: Ձայները լսվել են անգամ հարևան գյուղերում: Ահուսարսափի մատնված փանիկցիները, կարծելով, որ պատերազմ է սկսվել, երեխաներին տեղափոխել են ապահով վայրեր: Գյուղի տղամարդիկ չեն հանդուրժել ռուսների բացահայտ անարգանքը, շտապել են փակել ավտոշարասյան ճանապարհը՝ պարզելու, թե ինչու են գյուղի վրա հարձակվողել: Փանիկի բնակիչ Արմեն Գևորգյանի հրապարակած տեսանյութում ռուս զինծառայողն արդարանում է, թե անգնդակ փամփուշտներ են կրակվում: Ռուսական ավտոշարասյունն ուղեկցող բարձրաստիճան զինվորականները հրաժարվել են ներկայանալ:

Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանի հարցին ի պատասխան՝ ռուս զինվորականներն ասել են, թե դա հրաման է: Ռուսները սկզբնական պահին իրենց ագրեսիվ են դրսևորել. «Մեր զգուշացումից հետո ավտոմատների վրայի փամփշտակալները հանեցին ու նոր լարվածությունը նվազեց»,- համայնքապետի խոսքով՝ ռուսները վերջում ներողություն են խնդրել, խոստացել, որ այլևս չի կրկնվի:

Ավանդաբար, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան ամառվա այս շրջանում զորավարժություններ է անցկացնում: Գյումրիից պարբերաբար զորք և զինտեխնիկա են տեղափոխում Արագածի ենթաշրջանի եզդիաբնակ Սադունց գյուղի մերձակայքում տեղակայված բազա: Երեկ էլ որոշել են ճանապարհին մարտական վարժանք անել, իբր թե ավտոշարասյան վրա դիվերսիոն հարձակում է եղել: Ու որոշել են, որ բնակավայրի տարածքում պետք է դա անել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այս միջադեպը պետք է հստակ իրավական գնահատականի արժանանա և չի կարող ներողությամբ ավարվել: Փաստն այն է, որ գործ ունենք հայ-ռուսական մի շարք պայմանագրերի խախտման հետ, մասնավորապես՝ արհամարհվել են Հայաստանի Հանրապետությունում ռուսական 102-րդ ռազմական կայանի, Ռազմակայանի տարածքից դուրս ամենօրյա գործունեության և կայազորային ծառայության, ինչպես նաև Ռազմակայանի տարածքից դուրս զինծառայողների՝ զենք կրելու և օգտագործելու վերաբերյալ պայմանագրերը: Այս փաստաղթղերից որևէ մեկը ռուս զինծառայողներին չի թույլատրում ներխուժելով գյուղ՝ թեկուզ ոչ մարտական փամփուշտներով կրակել. «Ի վերջո, գյուղը պոլիգոն չէ»:

Փանիկ ռուսական զորքի ներխուժման ուղղությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի: Սա պարզ է դարձել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Գյումրու ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչի այսօր կայացած հանդիպումից. «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս-մաժորային իրավիճակ:

Հրամանատարության կողմից հրաման չի եղել: Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրեցին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, և վստահեցրին, որ մեղավորները պատասխան են տալու»,- ասում է Շիրակի մարզպետը: Նրան ռուսները խնդրել են այս միջադեպը չընկալել որպես թշնամության դրսևորում:

Նշենք, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով նախատեսված է, որ այսպիսի վարժանքների դեպքում ռուսական կողմը պարտավոր է նախապես տեղեկացնել մարզի իշխանությանը և տվյալ համայնքի բնակիչներին: Մի բան, ինչը և մարզպետի, և Փանիկի համայնքապետի վկայությամբ, փաստացի տեղի չի ունեցել:

Ալեքսեյ Պալյուխովիչը լրագրողներին փոխանցել է, որ մարզպետ Սարուխանյանին հայտնել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ներողությունը. «Ես այս պահին չեմ կարող ավելի մանրամասն պատասխանել հարցերի, քանի որ ծառայողական քննություն ենք անցկացնում, իսկ քննության արդյունքներն անպայման ձեզ կհայտնենք»,- ասել է ռուսաստանցի զինվորականը: Որպես հաշտության ձեռքսեղման առիթ՝ Գյումրիի ռազմաբազայի զինծառայողները պատրաստվում են փանիկցիներին շիլա ուտելու հրավիրել:

Մինչդեռ, փանիկցիները չեն պատրաստվում մոռանալ պատահածը: Համայնքապետ Մակեյանը ռուսների գործողությունները որակում է անարգանք ոչ միայն իրենց համայնքի, այլ Հայաստան պետության նկատմամբ. «Դա անելու բան չէր: Եթե հայերը ռուսական գյուղում էդպես անեին՝ գոռալու էին՝ օ՛, տեսե՛ք հայերին… բա դուք ի՞նչ եք անում: Ներեցե՛ք, ներեցեք, սա էր իրենց պատասխանը: Թե ինչու են որոշել բնակավայրի մեջ կրակել, բացատրություն չեն տալիս և վերջ: Պահանջեցի փաստաթուղթ, թույլտվություն, թե ինչ իրավունքով են համայնքի տարածքում վարժանք անցկացնում, ոչ մի բան ցույց չտվեցին՝ ոչ ինձ, ոչ ԱԱԾ-ին, ոչ էլ ոստիկանությանը»,- պատմում է Վարդան Մակեյանը:

Նրա խոսքով՝ չկա ոչ մի երաշխիք, որ միջադեպը չի կրկնվի, եթե անգամ Հայաստանի իշխանությունը գործին միջամտի. «Ոչ մի ակնկալիք էլ չունեմ: Պերմյակովի դեպքից հետո երևաց, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ռուսական ռազմաբազայի նկատմամբ ավելի մեծ վախ կա: Պետությանն ու ժողովրդին պիտի բացատրեն՝ ինչու այսպես եղավ»: Դանիել Իոաննիսյանը չի հիշում թեկուզ գեթ մեկ դեպք, երբ հայ զինվորականները կրակահերթեր արձակելով մտնեն գյուղ և սարսափ տարածեն: Ինչո՞ւ պետք է ռուսները դա կարողանան.

«Ամենաթողության վիճակը նրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ ոչ ոք ռուսական ռազմակայանին չի ասել, որ հարգելիներս, հարգեք մեր օրենքները: Ես հուսով եմ, որ հիմա կասեն»,- ասում է Իոաննիսյանը: Ռուսական ռազմակայանը պետք է հարգի միջպետական պայմանագրերը և ՀՀ օրենքները: Իր հերթին Հայաստանի իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայ-ռուսական միջպետական պայամանգրերը հարգվեն ամբողջ ուժով:

Միջադեպի վերաբերյալ փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարության տեսակետը: Արդյո՞ք ռուս զինծառայողները կարող են բնակավայրի տարածքում վարժանք անցկացնել՝ կրակոցներով ու պայթյուններով: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, թե իրավասու չէ հարցին պատասխանել: Միայն տեղեկացրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպում է ունենալու Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, որին հավանաբար կմասնակցի նաև ռազմական կցորդը.

«Մենք այդ հարցը կբարձրացնենք: Ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշեց Հովհաննիսյանը: Չնայած ՊՆ խոսնակի այս պատասխանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ դեպքի ուսումնասիրությամբ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ հետագայում կտրամադրի տեղեկատվություն: Եղոյանը նաև ասել է, թե իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ռուսական հարձակումից անմիջապես հետո Փանիկ են ժամանել Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ծառայողները: ԱԱԾ մամուլի կենտրոնը մեր հեռախոսազանգերին համառորեն չպատասխանեց: Ոստիկանության լրատվական ծառայությունից Forrights.am-ին հայտնեցին, որ հուլիսի 17-ին Արթիկի բաժինը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ լսվում են պայթյունի ձայներ: Օպերատիվ խումբը մեկնել է Փանիկ:

Ռուս զինծառայողները ի՞նչ բացատրություն են տվել ոստիկաններին, հարցին ի պատասխան լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց՝ բացատրություն պետք է տրվեր ոչ թե ոստիկանությանը, այլ՝ պատկան մարմիններին: Փաստորեն ստացվում է, որ անգամ քաղաքացիների կյանքին սպառնացող իրավիճակում ոստիկանները ոչ մի ֆունկցիա չունեն, նույնիսկ՝ չեն կարող իմանալ ռուս զինծառայողների արարքի դրդապատճառները:

Փանիկ գյուղի վրա հարձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան իսկական պատուհաս է դարձել հայաստանցիների գլխին: Մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին: Մնում է հուսալ, որ իրավապահները կնախընտրեն ոչ թե ռուսական շիլան, այլ՝ կճանաչվի հայ-ռուսական պայմանագրերի խախտման փաստը և արարքին իրավական գնահատական կտրվի:

Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest