Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

0
314

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։

Պարզվել է նաև, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը և համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ևս մի ապօրինություն։

Մասնավորապես, 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։

Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here