Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանավարմանը վերջ տված Թավշյա հեղափոխությունը քանդուքարափ է անում կոռուպցիոն բուրգը, ինչի վրա գոյատևում էր Սարգսյանի իշխանությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ բացահայտումներն այնքան փաստարկված են, որ Սերժ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելը օբյեկտիվ կլինի. «Որովհետև կատարվել են բազմաթիվ հանցագործություններ՝ իշխանության բռնազավթում և չարաշահում, սահմանադրական կարգի տապալում: Սրանք քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ են»:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճիշտ է վարվում՝ պետական մասշտաբի հանցագործությունների բացահայտման գործընթացն ակտիվացնելով: Իրավապահները հետախուզում են հայտարարել ապօրինի հարստացած Լյովա Սարգսյանի նկատմամբ, ով նախկին նախագահի եղբայրն է: Քրեական հետապնդման է ենթարկվում նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ում բնակարանից զենք, թմրանյութ ու թանկարժեք իրեր են հայտնաբերվել: Ապօրինի հարստանալու կասկածանքով կալանավորված է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

Կտրուկ շրջադարձ է արձանագրվել Մարտի 1-ի գործով, մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Չի բացառվում, որ այս գործով պատասխանատվության կանչվեն նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք 2008 թվականին ղեկավարել են պետությունը և որոշումներ կայացրել խաղաղ ցուցարարների դեմ: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատմական ակնարկ է անում՝ հիշեցնելու, թե որ պահից սկսած է մեր երկրում արմատավորվել կոռուպցիոն համակարգը: Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է:

1999 թվականին Հայաստանում ներքաղաքական այսպիսի դասավորություն էր: Իշխանության մի ճյուղում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին, մյուսում՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի գլխավորած Միասնություն դաշինքը: Վերջինս հակակշռում էր առաջինին, և այդ պայմաններում բացառվում էր Հայաստանում կոռուպցիոն բուրգի ստեղծումը: Բայց եկավ հոկտեմբերի 27-ը, որը վերջ տվեց օրինականությանը: «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ուղղակի այդ հակակշիռը ոչնչացրին: Այն պահից, երբ նրանց ոչինչ չէր խանգարում, ստեղծվեց կոռուպցիոն այս բուրգը: Հոկտեմբերի 27-ից հետո պետական համակարգը առևանգված է եղել ավազակային խմբի կողմից, որն այդ մեքենան ոնց ուզել օգտագործել է: Իսկ մարտի 1-ին Քոչարյանն ու Սարգսյանն իրենց ձեռքում պահեցին գողոնը՝ ճնշելով ժողովրդական բողոքը»,- մեկնաբանում է Լևոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը 2012-ին լուրջ հետազոտություն էր նախաձեռնել, որի արդյունքում պարզվեց, թե կոռուպցիան ինչ չափերի վնաս է տվել Հայաստանին: Օգտագործելով Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի տվյալները, ուսումնասիրությունը պարզել է, որ բյուջե չհասած գումարներից թալանվել է 1.7-ից 1.8 միլիարդ դոլար: Իսկ ահա պետական բյուջեից մսխումների ծավալը 700 միլիոն դոլար է կազմել: Ընդհանրական տվյալներով՝ Հայաստանը կրել է տարեկան շուրջ 2.5 միլիարդ դոլարի վնաս:

Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ եթե այդ գումարը ներդրվեր Հայաստանի զարգացման, պաշտպանունակության բարձրացման վրա, այսօր կունենայինք մի այլ կարգի հզոր պետություն. «Հայաստանի պետական համակարգը 20 տարի ոչ թե ուժեղացրել է պաշտպանունակությունը, ստեղծել պաշտպանական կառույցներ, պետքական սպառազինություն կուտակել, այլ զբաղվել է մեր ժողովրդի հարստությունը գողանալով՝ հօգուտ մի խումբ մարդկանց հարստացման»:

Որպես իր խոսքերի ապացույց Լևոն Զուրաբյանը հիշեցնում է ապրիլյան պատերազմը, որն ի հայտ բերեց կոռուպցիայի կործանարար ազդեցությունը պաշտպանական համակարգի վրա: Հեղափոխությունը դրական ազդակներ է առաջացրել բանակում զինծառայության որակի վրա: Զուրաբյանն անձամբ տեղեկություններ է ստանում, որ կոռուպցիայի դադարեցումից հետո զինծառայողները ո՛չ հագուստի, և ոչ էլ սննդի կարիք չունեն: Սա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ ծնողները ստիպված էին հոգալ զավակների կարիքները. «Հեղափոխությունից առաջ բարձրագույն պաշտոնյաները զբաղված էին թալանով: Գումարները, որ պիտի գնային զինվորների ապահոցմանը, թալանում էին և այդ հարցը լուծում ժողովրդի հաշվին՝ նրան նորից թալանելով»,- նշում է ՀԱԿ փոխնախագահը:

Եթե կոռուպցիոներ պաշտոնյաները, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կանգնեն դատարանի առաջ, դա մեծ դաս կլինի ապագա քաղաքական վերնախավին: Իշխանությունը պետք է մի պարզ բան սովորի, որ գողանալ չի կարելի և ինքը հաշվետու է ժողովրդի առաջ: Այդ դասը պաշտոնյաները կարող են սովորել միայն խիստ պատժիներով: Ակնկալել, որ պաշտոնյան պիտի հենվի բարոյականության վրա, պարոն Զուրաբյանը մեծ սխալ է համարում.

« Եթե չկա հակակշիռ, եթե չկա պետական համակարգ, որը բացառում է նրա փչացումը և ապականումը, դա դառնալու է պրոբլեմ: Երբեք չի կարելի հույսը դնել պաշտոնյաների բարոյական հատկանիշների վրա: Պետք է այնպիսի պետական համակարգ հիմնադրվի, որ եթե անգամ դու փչանում ես, քաղաքական համակարգը քեզ թույլ չի տա: Պետություն կառուցելիս հույսը պետք է դնել հակակշիռների հիման վրա ստեղծված քաղաքական համակարգի վրա»,- շեշտում է Լևոն Զուրաբյանը:

Հայտնի փաստ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մկրտությունն անցել է Հայ ազգային կոնգրեսի շարքերում՝ ծավալելով ընդդիմադիր պայքար: Արդյո՞ք Թավշյա հեղափոխությունը կմիավորի իրարից հեռացած այս բևեռներին, օրինակ՝ համատեղ կառավարությունն կկազմվի, ըստ Լևոն Զուրաբյանի՝ դեռ շուտ է պատասխանել այդ հարցին: Փաստ է մեկ բան՝ ՀԱԿ-ը որպես լուրջ քաղաքական կառույց իր տեսակետներն ունի պետական կառավարման, ժողովրդավարական հարցերում: Թե որպես իշխանություն, թե որպես հակակշիռ, այս ուժը պատրաստ է ներդնել իր կարողությունները;

«Բոլորը տեսան, որ մենք որևէ իշխանության տակ պառկող ուժ չենք՝ ով ուզում է լինի: Եվ մենք տեսանք, որ Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը ցանկացած իշխանության տակ պառկող է՝ ով ուզում է լինի իշխանություն: Սա կարևոր հատկանիշ ու արժեք է, որը պետք է ապահովի մեր հաջող ընթացքը ապագա ընտրություններում»,- ասում է Լևոն Զուրաբյանը:

Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը ազատ և արդար ընտությունների ապահովումն է: Հայաստանը պետք է ունենա գոնե մեկ ընտրություն, երբ ազգը գնում և ընտրում է ծրագրեր ու գաղափարներ: Կրիմինալ ու ադմինիստրատիվ ճնշումներն ընտրողների վրա այլևս պատմություն պետք է դառնան: Եթե սա ավանդույթ դառնա և դրվի համակարգային հենքի վրա, Հայաստանի խրոնիկ խնդիրները կլուծվեն:

Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest