Ազատամարտիկների «դրախտ» հասնելը հեշտ չի: Մուրացան փողոցի վերջնամասում հին, «սովետական» հացի փուռ կա, հին «սովետական»ցուցանակով՝ «Հացաբուլկեղեն»: Այդ փռի նիհար հացթուխը ձեզ ուղեկցում է մինչև երկաթյա դարպաս: Դարպասից այն կողմ ավտոկայանատեղի է, ինչ որ բետոնակույտեր: Միանգամից աջ ես թեքվում, գնում ես, գրեթե պատերին քսվելով, և հասնում ես բակ, 12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին հանգրվանն է:

Նրանք վստահ են, որ այլևս ի վիճակի չեն լինելու սեփական տուն ձեռք բերել, և յուրաքանչյուրն իր կիսավեր խցին վերաբերվում է որպես օջախի: Շենքում լույս ու ջուր չկա: Պատերը փլվում են գլխիդ, սենյակների մի մասն առանց դուռ-պատուհան է: Երրորդ հարկի միջանցքում, առաստաղի տակ ծտերի բներ են, ծիծեռնակներն են օդը մկրատում: Մեզ դիմավորեց սայլակին գամված աղջիկը՝ Մարիամ Օհանջանյանը, ասելով.

« Խոզը մեզանից մաքուր ա: Ջուր չկա, լույս չկա, երկու ամիս առաջ անջատել են: Կեղտոտ անմարդկային պայմաններում ենք մնում: Չկա ուրիշ տեղ գնալու: Պուլպուլակներից ջուր ենք բերում, գազի վրա տաքացնում: Գազը բալոններով ա»:

Մարիամը 21 տարեկան է, տառապում է անբուժելի հիվանդությամբ՝ ուղեղի մանկական պարալիչ և ստորին ծայրանդամների թուլություն: Իր պատերազմներ անցած մոր՝ Մարգո Բաբայանի հետ մի երկու ամիս առաջ է եկել այստեղ, «զավթել» է դատարկ սենյակներից մեկն ու «նստել» այն բանից հետո, երբ հերթական տան տիրուհին դուրս է շպրտել իրենց փողոց, տան վարձը ուշացնելու համար: Մուրացան 110 շենքի տիրակալները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները, տարիներ առաջ այստեղ սենյակներ են տվել մի քանի ՀԿ-ների:

Առաջին հարկում տեղավորվում է ՀԿ-ենրից առավել շքեղն ու նախարարների կողմից առավել սիրվածը՝ «Զինվոր» Հկ-ների համագործակցության համակարգող խորհուրդը, որի նախագահը Մարգարիտա Խաչատրյանն է, հայտնի «Մառոզը»: Մի չփակվող, ամուց բաց ու խուփ անող դռան վրա գրված է՝ «ՀԱԲ»: «Տխուր հիշողություն է, ՀԱԲ-ից էդ ա մնացել, շտաբը ստեղ էր, հետո տարան Մոսկովյան», — պատմում է ազատամարտիկ Գագիկ Եղիկյանը: Նա ապրիլի հինգից է այստեղ: Չի ուզում ասել, թե ինչպես է կորցրել տունը: Նա «Արաբո» երկրապահ ջոկատից է, 92-ին կորցրել է աջ ձեռքը, երկրորդ խմբի զինհաշմանդամ է: Ընտանիքում 11 հոգի են:

ՊՆ-ն, կարելի է ասել, «քցել» է Եղիկյանին և նրա բազմանդամ ընտանիքին, այնքան է ձգձգել բնակպայմանների բարելավման կարիք ունեցողների ծրագրով պետականորեն հատկացվող աջակցության գումարի տրամադրումը, որ Գագիկի որդիները ամուսնացել են, և 4 սենյականոցի փոխարեն նրան 1 սենյականոցի գումար են տվել 2013 թվականին՝ 13 մլն դրամ: Հաշմանդամն ընդամենը հող է կարողացել այս գումարով գնել, աճուրդի հանված հողերից: Բայց միջոցներ չի ունեցել տուն սարելու համար: Կնոջը, երեխեքին, թոռներին վերցրել է, եկել Մուրացան 110: Մուրացան 110-ի բնակիչները այստեղ են հայտնվել հանգամանքների բերումով:

Երկրորդ հարկում տեղավորվել է Մանվել Խաչատրյանը, ազատամարտիկների ՀԿ-ի նախագահն է՝ «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» անունով: Հաշմանդամ, երկար տարիներ թափառել է ռուսաստաններում, 2012 թվականին ընտանիքով վերադարձել է հայրենիք, բնակության մշտական վայր չունի: «Շեֆի» տեսք ունի: Աշխատասենյակն էլ տեղը տեղին եռագույնով ու պետական գործիչների նկարներով զարդարած է: «Դուք այս շենքի պարե՞տն եք», — հարցս ծիծաղեցնում է տղաներին:

«Էս շենքի գեներալն է», — արձագանեց Եղիկյանը: Մանվել Խաչատրյանը, ասես, Գորկու «Հատակում» պիեսի պերսոնաժներից լինի, անցյալի կառքը հեծած: Կառքն այդ միշտ նույն տեղերն է տանում՝ Ղարաչինարի, Շահումյանի, Շուշի, Լաչին, Ջան Հասան, Քյոսալար, Մարտակերտի գյուղեր, և բոլոր պատմությունները պատերազմի մասին են, որին նա մեկնել է անչափահաս տարիքից:

Ապրիլի սկզբին, մի շաբաթ օր պաշտպանության այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանն իր մարդկանց փոխնախարար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ ուղարկեց Մուրացան 110, տարածքը նայելու: Զաքարյանը տեսավ հաշմանդամ աղջկան, տպավորվեց, խոստացավ, որ մեկ շաբաթում կլուծի նրա բնակարանի հարցը: Մյուսներին էլ խոստումներ տվեց, բայց կարևորը Մարիամն էր: Ազատամարտիկները վազվզեցին, էժան ու հարմար մի սենյակ ճարեցին Մարիամի համար.

«Սպասեցինք, ոչինչ չարեց: Մի հատ էլ Եղեռնի օրը գնացի, իրեն տեսա, ասեցի, որ էժան տուն եմ ճարել: Բա՝մի քանի օրից, մի քանի օրից, տենց նախարարի հրաժարականը եղավ, հիմա էս երեխեն ի՞նչ անի, ումի՞ց ուզի իր տունը», — պատմում է Մանվել Խաչատրյանը: Նա և ընկերները վիրավորված են: Ասում են. «20 տարի էս շենքի մասին ոչ ոք չի հիշել: Մենք հենց եկանք, միանգամից հիշեցին, լույս, ջուր անջատել տվեցին»:

Մի քանի օր առաջ էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, պահանջելով, որ վերջինս վտարի ազատամարտիկներին Մուրացան 110-ից: Նախարարի արարքը ամենաքննարկվող թեման է՝ Մանվելի «տուշոնկեքից» և Մանվելի և մյուս գեներալների շքեղ տներից հետո: Ազատամարտիկները ենթարկվեցին ոստիկանների պահանջին, կապեցին իրերը: Դրանք հիմա էլ ներքևում շարված են՝ հեռուստացույց, խոհանոցի պահարաններ, բազմոցներ՝ անշուք, անցած-գնացած իրեղեն: Ասում են, հաշմանդամ աղջկա սայլակը իջեցնելուց, ոստիկանների աչքերը լցվել են:

Մուրացան 110 շենքի բնակիչները բողոք են գրել կառավարության վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Պաշտպանության նախարարը ստիպված է եղել բացատրություն տալ կառավարությանը:

«Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին եռահարկ մասնաշենքի /հասցեն՝ ք. Երևան, Մուրացան, 110/ երկրորդ և երրորդ հարկերը … ինքնակամ ձևով զբաղեցրել են 12 ընտանիքներ, որոնցից երկուսին օրենսդրությամբ հաստատված կարգով, որպես զինհաշմանդամների, բնակարան ձեռք բերելու նպատակով նախկինում տրամադրվել է ֆինանսական աջակցություն , իսկ մյուս 10 ընտանիքները ՊՆ համակարգի զոհված, կամ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին բնակարաններով ապահովության ծրագրի շահառումներ չեն հանդիսանում…

ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից նշված անձանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, այն մասին, որ նշված տարածքը անօրինական հիմունքներով են զավթել և հարկավոր է այն ազատել, սակայն վերջիններս հրաժարվում են ենթարկվել օրինական պահանջներին, պնդելով իրենց տեսակետը: Հաշվի առնելով վերոնշյալը, դիմել եմ ՀՀ ոստիկանության պետին, խնդրելով իր միջամտությունը հարցի լուծման համար», — գրում է Դավիթ Տոնոյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին:

Հունիսի 28-ին առավոտյան կառավարությունից վարչապետի հանձնարարությամբ մարդիկ են եկել և խոստացել են՝ լույսն ու ջուրը կմիացնեն: «Մենք ղարաբաղյան պատերազմին ենք մասնակցել, մենք ապրիլյանին էլ մի մարդու պես գնացինք, նեուժե՞լի մենք էսքան տարի մի վաստակ չունեցանք էս Հայաստանի համար: Ես 25 տարի է, վարձ եմ տալիս, պարտքերս չգիտեմ, ոնց տամ, — պատմում է հաշմանդամ աղջկա մայրը՝ Մարգո Բաբայանը,

— Միակ տղաս հիմա առաջնագծում ծառայում է, պաշտպանում է Հայաստանը, ու իրա քույրը դրսում: Տղայիս ո՞նց ասեմ՝ մեզ դուրս են անում փողոց: Ես էսքան ժամանակ ոչ մի բանի համար չեմ խեղճացել, բայց իմ պետության մեջ խեղճանում եմ: Մարդիկ ինչերի՜ց են ուրախանում, իսկ ես՝ լույսը ունենալուց: Երեխես ասեց, մամա, լույսը գալու են միացնեն, ուրախությունից քաղաքի մեջը կանգնած լաց եմ եղել»:

Այս զրույցների լուռ ունկնդիրները Նժդեհը, Վազգենն ու Նիկոլն են, որոնք հպարտ հայացքներով նայում են Մանվել Խաչատրյանի «ինքնաշեն» աշխատասենյակի պատից:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest