ԱԱԾ հերթական բացահայտումը, որի մասին տեղեկացանք այսօր, վերաբերում է 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասում կատարված վառելանյութի յուրացումներին: Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 179-րդ հոդվածով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը: ԱԱԾ աշխատակիցները պարզել են, որ մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ: «Վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև», — հաղորդում է ԱԱԾ-ն: Լցակայաններից մեկի սեփականատերն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը բերման են ենթարկվել: ՊՆ մեկ այլ զորամասում էլ նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները ավտոմոբիլային տեխնիկական նորոգելու համար պահեստամասեր են ստացել, դուրս են գրել իբրև ոչ պիտանի և, վաճառել են շուկայում, իսկ դրանց փոխարեն զինտեխնիկայի և ավտոմեքենաների նորոգման համար օգտագործել են օգտագործված պահեստամասեր:
Բանակում վառելիքի անօրինական բիզնեսի տարածվածության մասին բարձրաձայնվել է տարիներ շարունակ, բայց պաշտպանության նախարարները և դատախազությունը մատների արանքով են նայել այդ երևույթին, խուսափել են թեմայի շուրջ հրապարակային բացատրություններից: Նրանց հետ, ովքեր փորձել են կանխել թալանը, զորամասերի ղեկավարները դաժան հաշվեհարդար են տեսել: Այդ մասին վկայություններ կան բանակային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նյութերում:
Համակարգը պատժել է Նարեկ Այվազյանին վառելիքի գողերի դեմ բողոքելու համար
2009 թվականի ամռանը Արարատի «Զոդի չաստ» կոչվող N զորամասի զինծառայողները վառելիք էին գողացել: Ավագ լեյտենանտ Այվազյանը փորձել էր խանգարել գողերին, և փոխանակ խրախուսվեր, ինչպես ինքն էր սպասում, ծեծի էր ենթարկվեց զորամասում արտոնյալ դիրք ունեցող գողերի կողմից: «Զոդի չաստը» ղեկավարում էր Յուրի Խարատուրովի որդին, Գրիշա Խաչատուրովը: Այս կլանը տարիներ շարունակ բանակում վառելիքի բիզնեսով է զբաղվել, իսկ իրավապահները աշխատել են չխանգարել գեներալի ընտանիքին: Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը, ունենալով Նարել Այվազյանի ցուցմունքները և քրեական գործի նյութերով ակնհայտ փաստեր, գործ չհարուցեց «յուրացում» հոդվածով: Զորամասի պահեստներում որևէ ստուգում չի կատարվել, վառելիքի պակասորդի կամ ավելցուկի չափը չի որոշվել։ Հսկող դատախազ Տիգրան Սարգսյանի առաջադրած մեղադրանքում գողացած վառելիքը ձևակերպված է որպես «նախկինում խնայողաբար օգտագործելու արդյունքնում հավաքած ու «Նաիրի» մարտական հենակետում թաքցրած դիզելային վառելիք»։ Նարեկ Այվազյանին չներեցին Խաչատուրովի բիզնեսին խանգարելու համար: 23-տարեկան սպայի համար զորամասում Խաչատուրովի մարդիկ անտանելի պայմաններ ստեղծեցին, փորձեցին հասցնել ինքնասպանության, զրկեցին աշխատավարձից, խլեցին սպայի վկայականը, դատեցին։ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իարավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, սպային մեղավոր ճանաչեց մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման և իշխանությունը չարաշահելու համար: Վերաքննիչ քրեական դատարանը համաներման մասին ԱԺ որոշումը կիրառելով, ավագ լեյտենանտին ազատեց պատժից, սակայն նրան այլևս չհաջողվեց ոչ սպայական կարիերան շարունակել, ոչ առողջությունը վերականգնել: Գողերը և նրանց արարքները կոծկող հրամանատարները պատասխանատվության չենթարկվեցին:
Վալերի Մուրադյանի սպանությունից անցել է 8 տարի
2010 թվականին Ստեփանակերտում, գարնանային մի գիշերով զոհվեց ժամկետային զինծառայող Վալերի Մուրադյանը: Սա մեր բանակում կատարված ամենաառեղծվածային սպանություններից է: Տղայի մարմինը գտել էին զորամասի բակում` պտտաձողից կախված վիճակում՝ ծնկները գետնին կպած: Չնայած այս հանգամանքին քննիչները եզրակացրել էին, որ նա ինքնասպան է եղել։ Ինքնասպանության պաշտոնական պատճառը՝ Վալերի Մուրադյանն իրեն կախել է 3000 դրամ պարտքի պատճառով: Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի վկայությամբ, նա որդու մահից մի քանի օր առաջ զանգել է նրան և առաջարկել է 12 հազար դրամ ուղարկել զորամաս, բայց որդին մերժել է, ասելով, որ իրեն պետք չի: Նանա Մուրադյանը որդու մահվան իրական հանգամանքների բացահայտման համար 8-ամյա պայքարի ընթացքում բազմիցս բարձրաձայնել է, որ որդին զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների: Ըստ Նանա Մուրադյանի, նրա որդուն փորձել են ներքաշել վառելիքի գողության մեջ. «Իմ տղան դեպքից 4 օր առաջ զանգեց տուն, ասաց որ վառելանյութի գողության է ականատես եղել։ Ասաց, որ ինձ գումար են առաջարկել՝ 3.000 դրամ, եւ ինքը չի համաձայնել։ Ասացի, Վալեռ ջան գործ չունես դրանցից։ Ընդամենը 4 օր հետո իմ տղային սպանեցին»։ Վալերի Մուրադյանի սպանությունը մինչ օրս բացահայտված չի: Զինծառայողի սպանության կամ պաշտոնական վարկածով՝ ինքնասպանության գործի քննությունն իրականացրել է նախ՝ քննիչ Ապրեսյանը՝ Ստեփանակերտից, եւ 4 ամիս անց գործի քննությունը հանձնվել է Արման Թամրազյանին: Նախաքննությունը ձգձգվել է մոտ երկու տարի, տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը բողոքներ ներկայացրեց քննիչների անգործության, փաստերը կոծկելու համար: Գործը հարուցված էր «ինքնասպանության դրդելու» /ՔՕ 110/ հոդվածով, սակայն «դրդողները» մինչ օրս անհայտ են: Տղայի մարմնի վրա բազմաթիվ կապտուքներ և բռնության հետքեր են եղել, որոնք մայրը տեսել է, սակայն չեն արձանագրվել դատաբժիշկները: Վառելիքի գողության մասով քննություն այդպես էլ չկատարվեց:
Մահ՝ զենքի արկղերի վրա
2016 թվականի ապրիլի 25-ին Իջևանի զորամասում հրազենային վիրավորումից մահացավ ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանը: Գործ հարուցվեց 110 հոդվածով՝ ինքնասպանության, կամ ինքնասպանությա ն փորձի հասցնելը: Տղայի հայրը, սակայն, Վաչիկ Պետրոսյանը չէր հավատում այս վարկածին: Նա պատմում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ որդին սպանվել է վառելիքի գողությունը կանխելու համար: Զինծառայողը պատմել էր հորը իր և ղեկավարության լարված հարաբերությունների մասին, որ զորամասի սպաներից մեկի հետ կոնֆլիկտ է ունեցել: «Աֆիցերը լարված է հետս, ընգել ա ոտիս հետեւից, ավտոյի կալոնկեն՝ բենզինի բակը փակել եմ, որ բենզին չտանի», — այսպես է փոխանցում որդու խոսքերը նրա հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը: Նա պատմում էր, որ Հովհաննեսը կարգապահ զինվոր է եղել, անարդարությունների դեմ ընմոստացող: Ըստ հոր վարկածի, Հովհաննեսը տեսել է, որ իրեն ամրակցված մեքենայից գողություն են արել, կողպել է բենզինի բակը, որ ձեռք չտան: Շարքային Հովհաննես Պետրոսյանի դին հայտնաբերել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66» զինհամարանիշի կունգի թափքում, եքենայի հետնամասում՝ թափքում, զենք-զինամթերքով լի արկղերի վրա: Թափքի կնիքը պոկած է եղել: Նրա դեմքին ավտոմատի 2 վնասվածք է եղել՝ քթի և ճակատի մասում: Պաշտպանության նախարարությունը և դատախազությունը հրաժարվում էին պարզաբանումներ տալ այս դեպքով: Զինծառայողի հայրը ևս հրաժարվում էր անուններ տալ, ակնարկելով, որ շատ բան գիտի:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: